«Հայրենիք» կուսակցության խորհուրդը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․
«Երեկ՝ հուլիսի 12-ին, Ադրբեջանի սադրիչ ռազմական գործողությունների արդյունքում հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ ՀՀ զինված ուժերի զինծառայողների աչալուրջ հսկողության և սաստող պատասխանի արդյունքում հակառակորդը, զգալի կորուստներ կրելով, հետ է շպրտվել։
Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը, ոգևորվելով այն մթնոլորտից, որ իր սանձարձակ հակահայկական վարքագիծը չի արժանանում միջազգային կառույցների համարժեք գնահատականին, ուժի կիրառման սպառնալիքից անցել է ուժի ուղղակի կիրառման ՀՀ-ի դեմ:
Խստորեն դատապարտելով Ադրբեջանի սադրիչ պահվածքն ու տարածաշրջանում ռազմական լարվածության աճի անթաքույց դրսևորումները` միջազգային հանրությունից ակնկալում ենք կոշտ և հասցեական գնահատականներ։ Ադրբեջանի նման գործելաոճը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հակառակորդի հետ երկխոսության ամենաքաղաքակիրթ եղանակը հայկական զինված ուժերի ասիմետրիկ և խաղաղություն պարտադրող պատասխանն է։ Այդ առաքելությունն այսօր պատվով են իրականացնում ՀՀ և Արցախի զինված ուժերը` անառիկ պահելով մեր հայրենիքի սահմանները։
«Հայրենիք» կուսակցության խորհուրդ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







