Խստորեն դատապարտում ենք հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվել են դեպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով և հրետանու կիրառմամբ։ Հայկական կողմի համարժեք գործողությունների շնորհիվ արդյունավետորեն զսպվում են այս սադրիչ գործողությունները: Տավուշի սահմանային գոտում առաջացած լարվածության վերաբերյալ իր «
Ֆեյսբուք»-յան էջում այսպիսի հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
Աննա Նաղդալյանը։
Նաղդալյանը հայտնել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարը՝ ՀՀ վարչապետի և պաշտպանության նախարարի հետ համակարգմամբ, մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ՝ ներկայացնելով իրադրությունը տեղում և դրա հետագա սրման վտանգները:
«Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սադրիչ գործողություններից, թշնամական հռետորաբանությունից զերծ մնալու և հրադադարի ռեժիմն ամրապնդելու կոչերի, շարունակաբար հանդես է գալիս ուժի կիրառման և ռազմական էսկալացիայի սպառնալիքներով:
Այդ սպառնալիքների պայմաններում իրականացված սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-գրել է Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները անհասկանալի պատճառով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով մեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին ադրբեջանցի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով՝ հետ շպրտվել:
Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորադրություն է տարածել, որտեղ նշված է, որ Թովուզի ուղղությամբ ադրբեջանական բանակը «հայկական կողմի կրակից» երկու կորուստ և հինգ վիրավոր ունի։ Ավելի ուշ հայտնի է դարձել ևս մեկ զինծառայողի մահվան մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։