Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ սանձազերծված գործողությունների առնչությամբ հորդորում է խուճապի չմատնվել: Մարզպետն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Սիրելի՛ բարեկամներ, խնդրում եմ խուսափել ավելորդ հրապարակումներից և հետևել միայն պաշտոնական լրատվությանը։
Ինչպես նշվել է պաշտոնական հաղորդագրության մեջ, բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին, անհանգստանալու և խուճապի կարիք չկա»,-գրել է Չոբանյանը:
Ընթացիկ իրավիճակի վերաբերյալ կլինի պաշտոնական տեղեկատվություն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները անհասկանալի պատճառով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով մեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին ադրբեջանցի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով՝ հետ շպրտվել:
Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է, որ Թովուզի ուղղությամբ ադրբեջանական բանակը «հայկական կողմի կրակից» երկու կորուստ և հինգ վիրավոր ունի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







