Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ անդրադառնում է ԱՀ նախագահի 2020-2025 թթ. ծրագրին և կադրային վերջին նշանակումներին:
Նա ասել է, որ պետությունից վճարվող ցանկացած քաղաքացի պետք է հաշվետվություն տա իր աշխատանքի մասին, ընդ որում, հաշվետվություն տա ոչ միայն իշխանությանը, իր վերադասին, այլև հասարակությանը:
Հարությունյանը նշել է, որ շատերը, չընդգրկվելով կադրային նշանակումներում, փորձում են թիրախավորել արդեն նշանակված, պատասխանատվություն ստանձնած քաղաքացիներին: ԱՀ նախագահն ընդգծեց՝ պետք է ժամանակ տալ:
«Ոչ մեկի մեջ թշնամի մի փնտրեք. բոլորն էլ ունեն անցած ուղի՝ իրենց սխալներով, հաջողություններով: Ամենաքիչը պետք է դա հետաքրքրի: Ուշադրության կենտրոնում պահեք բոլորի աշխատանքը»,- ասաց ԱՀ նախագահը:
Ըստ Հարությունյանի՝ Արցախում ունենալու են ուժեղ նախագահական ապարատ, որը ոչ միայն վերահսկելու է Կառավարության գործունեությունը, օգնելու է նախագահին, այլև ուշադրության կենտրոնում է պահելու հանրության խնդիրները:
Անդրադառնալով խորհրդականներին ու օգնականներին, ասաց՝ նրանց ինքն է ընտրում, և դա հանրային քննարկման թեմա չէ: Այն մարդկանց, ում ընտրել է, գիտի, թե ինչպես են իրեն օգնելու ու խորհուրդ տալու:
«Որևէ պաշտոնյա առանց աշխատանքի չի մնալու: Նրանք, որոնք չեն աշխատել են այս ընթացքում, եղել են ձևակերպված, ազատվելու են: Նրանց, ում նշանակենք՝ չաշխատեն, ազատվելու են»:
Նախագահն ընդգծեց, որ Արցախում կստեղծվի շուրջ 5000 աշխատատեղ, շարունակակական կբարձրանան նաև թոշակներն ու նպաստները:
«Նախատեսել ենք առաջիկա հինգ տարիներին տարեկան ունենալ նվազագույնը 8 տոկոս տնտեսական աճ: Ուզում եմ վստահեցնել, որ կատարվելու է, գերակատարվելու է: Իմ սպասելիքներն ու ծրագրերն այնպիսին են, որ արդեն 2021 թվականին ունենանք երկնիշ թիվ»,- հայտարարեց նա։
Ըստ Հարությունյանի՝ ամենամեծ խնդիրը լինելու է ոռոգումը:
«Նշել ենք 40 հազար հեկտար, երբ ունենք մշակվող ընդամենը 80-90 հազար, և 4-5 տարվա մեջ 40 հազար ոռոգումը ինչ-որ տեղ ֆանտաստիկայի ժանրից է, բայց արդեն իսկ սկսված է: Մեր ամենախոշոր ծրագիրը Թարթառի ջրերի մի մասի տեղափոխումն է աջափնյա ջրանցք: Ծրագիրն արդեն սկսված է»,- ասաց ԱՀ նախագահը:
Հարությունյանը նաև հայտնեց, որ շուտով սկսելու են ներկրել ոչխարների գլխաքանակ, որը տրամադրվելու է որպես արտոնյալ վարկ: Առաջին ներմուծումը կլինի սեպտեմբեր-հոկտեմբերից: Դա կնպաստի պարենային անվտանգությանը և աշխատատեղերի, տնտեսության զարգացմանը:
«Այն չմշակված հողերը, որոնք այսօր կան, պետք է մշակել: Սա մեր գլխավոր խնդիրն է լինելու՝ անմշակ հող Արցախում չպիտի լինի»,- ասաց Հարությունյանը։
«Հայտարարել ենք տարեկան 1000 բնակարան, բայց ուզում եմ վստահ հայտարարել, որ շատ ավելին է լինելու: Կարգախոսն է՝ յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան՝ 4-5 տարվա մեջ կյանքի է կոչվելու հիմնականում»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ հայտարարել են նաև մոտ 80 կմ ճանապարհի կառուցում:
Արցախի նախագահն անդրադարձավ անվճար բարձրագույն կրթության համակարգի ծրագրերին, ընդգծեց՝ որակական նոր փոփոխություն կլինի: Առողջապահության բնագավառում էլ հունվարի 1-ից կգործի 100 տոկոսով պետպատվերի ծրագիրը: Կբարձրացվի բուժաշխատողների աշխատաավարձը, առաջին քայլերը կկատարեն սեպտեմբերից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







