NEWS.am–ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հետաքրքրվել է, թե ինչպես են մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարության կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Մանե Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի գնահատականները գրեթե նույնական են։
Սերժ Սարգսյանի գրասենյակից նշել են. «Անկեղծորեն՝ միայն խղճալ կարելի է մամուլի քարտուղարի հաստիքն զբաղեցնող և առ այսօր այդպես էլ այդ պաշտոնի համար նախատեսված բուն գործառույթները չգիտակցող աշխատակցուհուն, ով սպիպված է իր անհավասարակշիռ ղեկավարի` իրավական և առհասարակ բոլոր տեսանկյուններից խոցելի տեքստերը սեփական ստորագրությամբ պարբերաբար հրապարակել: Մամուլի քարտուղարն իր պարտականությունների կատարման փոխարեն Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին աջ ու ձախ անհիմն և մինչ այժմ որևէ ձևով չապացուցված մեղադրանքներ ներկայացնելով ու զրպարտելով` ստիպված է իր ղեկավարի հետ դատարանում պատասխան տալ զրպարտության համար: Որքանով տեղյակ ենք, այդպիսի մի գործ արդեն կա դատարանում: Ապագայում, վստահաբար, դրանց պակասը չի լինելու: Ստախոսությունը, զրպարտությունն ու զազրախոսությունը չպետք է տեղ ունենան Հայաստանում»։
Այնուհետև հետգրության մեջ նշված է.
- «Ալիևի տիկնոջը Ստեփանակերտում թեյ խմելու և նրա սիրած երաժշտությունը` մուղամն ապահովելու հրավերից ի՞նչ կա:
- Միայն ձեր գլխարկների ու շապիկների վրա գրված «դուխը» այդպես էլ չբավարարե՞ ց Ալիևին պատասխանելու։
- 80-ականների զենքերի մասին ձեր մանիպուլյացիաները, որ մասնագիտական մակարդակում բազմիցս պարզաբանվել ու հերքվել են, այդուհանդերձ, շարունակեք կրկնել, բայց չմոռանաք բացատրել, թե ինչպե՞ս այդ զենքերի գործադրման արդյունքում ադրբեջանցիները 1000-ից ավելի զոհ ունեցան 2016-ին, ինչպես ձեր վարչապետն էր ֆեյսբուքյան իր էջում հպարտորեն գրել, իսկ հայկական կողմը` 75 զոհ: Երբ ժամանակը գա, Սերժ Սարգսյանը ձեզ համար հանրամատչելի դասախոսություն կկարդա 80-ականների զենքերի մասին: Հայկական կողմը միշտ կռվել է այն զենքերով, ինչ ունեցել է և հաղթել է: Ձեր սիրելի «կիրթ» Ալիևը վկա:
- Զավեշտի գագաթնակետն է և ամենադասական զրպարտություններից մեկը, երբ տարիներ շարունակ օտար երկրներից ու կազմակերպություններից վճարվածներն ուրիշներին են 5-րդ շարասյուն անվանում:
- Ցավում ենք, որ ոչ մասնագիտական աշխատանքից և ոչ էլ քաղաքականությունից չհասկանալով` վարչապետի մամուլի քարտուղարը շտապել է հրճվանք ապրել և հետևություններ անել Սերժ Սարգսյանի`«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտությունից, որի իմաստը Նախագահ Սարգսյանի ներկայացնելուց հետո, վստահաբար, այդ հրճվանքից ոչինչ չի մնա»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






