Վարչապետի խոսնակ Մանե Գևոգյանը մեկնաբանել է ՀՀ Երրորդ հանրապետության պատմության գնահատականների վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած մտքերի վերաբերյալ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարությունը։
«Այո, Իլհամ Ալիևի լեզուն երկարել է, որովհետև ի տարբերություն երկուսուկես տարի առաջվա, նա տեսնում է, որ այսօր Հայաստանի իշխանության և ժողովրդի թիկունքում գործում է հինգերորդ շարասյուն, որի անբաժանելի մասն է կազմում Սերժ Սարգսյանի ընտանիքը և հետաքրքիրն այն է, որ հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի գնահատականները գրեթե նույնական են»,-նշել է խոսնակը։
Ըստ խոսնակի՝ ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը օգտագործում են նույնական ստահոդ տեքստեր: «Պետք է միայն ճշտել, թե այդ տեքստերը Իլհամ Ալիև՞ն է գրում Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների համար, թե Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամները՝ Իլհամ Ալիևի համար: Համենայնդեպս, այս ողջ պատմության մեջ Ալիև և Սարգսյան ընտանիքների ընդհանուր հետաքրքրությունները ակնհայտ են»,-նշել է նա։
«Ի դեպ, հիմա Իլհամ Ալիևի լեզուն է երկարել, 2016 թվականին երկարել էին նրա ձեռքերը: Այն ժամանակ Սերժ Սարգսյանը վիզը ծուռ խոսում էր 80-ականների զենքերի մասին, այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը վիզը ծուռ խոսում է մեր առաջնագծի այնպիսի վիճակի մասին, որը Ադրբեջանի զինուժին զրկում է գործելու հնարավորությունից։
Սերժ Սարգսյանը անդրադարձ է կատարել նաև ազգային-ապազգային դիսկուրսին, ինչպես նաև օգտագործել է Հայոց փառապանծ բանակի անունը: Ակնհայտ է, որ Հայոց փառապանծ բանակի սպաները տեսնում են, թե ինչ զենքերով էին իրենք պաշտպանում հայրենիքը 2017-ին, ինչ զենքերով են պաշտպանում հիմա, տեսնում են ինչքան աշխատավարձ էին ստանում 2017-ին, ինչքան աշխատավարձ են ստանում հիմա, զինվորները տեսնում են ինչ հագուստ ու կոշիկ էին հագնում 2017-ին, ինչ հագուստ ու կոշիկ են հագնում հիմա, ինչ սնունդով էին սնվում 2017-ին, ինչ սնունդով են սնվում հիմա, և ընդամենը սա բավարար է հասկանալու համար, թե որն է ազգային և որը ապազգային իշխանությունը:
Սեփական ժողովրդին թալանած ղեկավարը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, իրավունք չունի խոսել ազգային արժեքներից: Նա ավելի լավ է բացատրություն տա, թե որտեղից իրեն, իր ընտանիքի անդամներին հարյուրավոր միլիոն դոլարների կանխիկ միջոցները և ունեցվածքը: և ինչու է նրա և նրա խմբի կողմից Հայաստանի կառավարման պատմությունը դարձել թալանի, կոռուպցիայի, խայտառակության պատմություն:
Ինչ վերաբերվում է սեփական կոռումպացված թիմին և հաճախորդներին քաղաքական լավատեսություն ներշնչելու ՀՀԿ նախագահի փորձերին, կարծում ենք պարոն Սարգսյանը քաղաքականության մեջ իր վերջին խոսքը ասել է 2018 թվականին (մեջբերում). «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի» (մեջբերման ավարտ)»,-նշել է Մանե Գևոգյանը։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



