Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այս տարվա մարտի ութին մեկնարկած և Երևան քաղաքում երեխանցերի ծնունդները տեղում գրանցող երեք բժշկական կազմակերպություններին միացել են ևս չորսը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Գրիգոր Նարեկացի», «Շենգավիթ» և «Աստղիկ» բժշկական կենտրոնները։
Բադասյանը նշել է, որ հանրային ծառայությունները բնակչությանն առավել հասանելի դարձնելուն ուղղված այս պիլոտային ծրագիրն իրականություն է դարձել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով և Առողջապահության նախարարության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ. «Սա նշանակում է, որ երեխաների ծնունդները Երևանի յոթ բժշկական հաստատություններում կգրանցվեն տեղում և կկատարվեն դրանից բխող օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ»,-նշել է նախարարը։
Նա հիշեցրել է, որ ծրագրի առաջին փուլին միացած բժշկական կազմակերպություններն էին՝ Էրեբունի բժշկական կենտրոնը (ծննդատուն), Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտն ու Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը:
«Նշածս յոթ բժշկական կազմակերպություններում այդ նպատակով հատուկ հատկացված վայրերում կատարվում են հետևյալ պետական գրանցումները՝
- երեխայի ծննդի պետական գրանցում,
- երեխայի նկատմամբ հայրության ճանաչման պետական գրանցում,
- ամուսնության պետական գրանցում:
Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ և փուլ առ փուլ տարածելու ենք Հանրապետության տարածքում ծննդօգնություն տրամադրող բոլոր բժշկական կազմակերպություններում»,-հայտնել է նախարարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







