ԱԺ այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն ասաց, որ ամենօրյա ռեժիմով բազմաթիվ հեռուստաընկերություններ խախտում են ՀՀ «Օրհներգի մասին» օրենքը, ներկայացնում են օրհներգի իրենց մեկնաբանությունը: Դանիելյանը հետաքրքրվեց՝ եթե չկան պատժի լիազորություններ, ապա հնարավոր չէ՞ նրանց տեղեկացնել ու փոխանցել օրհներգի ճիշտ տարբերակը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ասաց, որ նորմը կա, բայց նորմի հետևանքները նշված չեն, և որևէ պատիժ նախատեսված չէ: Ընդգծեց՝ օրենսդրական բացթողում է և այստեղ անելիք չունեն։ Հակոբյանի խոսքով՝ իրենք հունվարին, երբ տհաճ միջադեպ եղավ և Հանրային Հեռուստաընկերությունը օրհներգը չհնչեցրեց, տեղեկացրել ու խնդրել են պահպանել այդ նորմերը:
«Չեն անում և դրա իրավունքը ունեն, որովհետև որևէ պատիժ դրա համար չեն կրում։ Շատ ժամանակ բացատրում են, որ իրենցը տեսալսողական է, դասական հիմնը ուզում են աշխուժացնել, որ մարդիկ նայեն, երեխաներին հետաքրքրեն՝ խախտելով օրենքը։ Առանց պատժիչ միջոցների, միայն հիմնվելով իրենց գրագիտության կամ բարոյականության վրա՝ չի կարելի, սակայն իմ համոզմունքն է, որ երեկոյան 24:00-ից պարտադիր հիմնի հնչեցումն օրենքից պետք է հանվի»,- ասաց ՀՌՀ նախագահը:
Նրա խոսքով՝ հարցցի լուծման ամենակարճ ճանապարհը օրենսդրական փոփոխություններն են, որն ԱԺ լիազորությունների տիրույթում է և կարելի է շատ արագ անել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







