2019 թվականին Հանրային հեռուստաընկերությունը հիմնականում կարողացել է ապահովել քաղաքական, տնտեսական, սոցիալական խնդիրների վերաբերյալ տարբեր տեսակետների ներկայացումը լրատվական թողարկումներում, հասարակական և քաղաքական հաղորդումներում և հարցազրույցներում։ Այս մասին խորհրդարանում «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին» տարեկան հաղորդման քննարկման ժամանակ նշեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի դիտարկմանը, թե կա քաղաքական ժանրով մի հաղորդում, որտեղ իշխանության ներկայացուցիչները եղել են մոտ 42 անգամ, իսկ ընդդիմության ներկայացուցիչները եղել են 4-5 անգամ, սա ապահովում է քաղաքական կարծիքի բազմազանություը, Հակոբյանը նշեց, որ խոսքը 2019-ի հաշվետվության մասին է, և չի բացառվում, որ նախորդ տարի վիճակն ավելի բարվոք է եղել, քան այս տարի։ Ըստ Հակոբյանի՝ խոսքը ոչ թե ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների հավասար ներկայության մասին է, այլ կարծիքների բազմազանության:
«Կարևորն այստեղ ոչ թե տարբեր ուժերի ներկայությունն է, երբ քննարկվում են հասարակական պրոբլեմները, այլ այն բազմակարծությունը, որի մասին մենք նշել ենք: Ելնում ենք օրենքից, որով հանձնաժողովը հետևում է բազմազանությանը՝ ելնելով մեխանիկական, տոկոսային վերաբերմունքից և իրավասու չենք ներքաշվել խմբագրական քաղաքականության մեջ»,- նշեց Հակոբյանը՝ հավաստիացնելով, որ 2019 թվականին հանրայինը հիմնականում ապահովել է կարծիքների բազմազանությունը։
Հիշեցնենք՝ ԱԺ-ն քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019թ-ի գործունեության մասին տարեկան հաղորդումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







