«Նախատեսում ենք լիզինգի գործիքն ու իր կիրառման շրջանակը հավասարեցնել ֆինանսական և վարկավորման այլ գործիքներին, փոփոխությունների փաթեթում նպատակ է դրվել լիզինգի համար օրենսդրական դաշտը բարելավել՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով»,- այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը
Նրա խոսքով՝ գործող «Քաղաքացիական օրենսգիրքը» չէր կարգավորում լիզինգի մյուս տեսակները, ինչպիսիք են՝ կրկնակի լիզինգը, հետադարձ լիզինգը, որոնք իրենց բնույթով երկկողմանի գործարքներ են, ինչպես նաև հստակ կարգավորված չէր նաև ֆինանսական վարձակալությամբ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքը, լիզինգի առարկայի հետ կապված փոխհարաբերությունները և այլ:
Մարգարյանը նշեց, որ Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությամբ առաջարկվում է նաև «Հարկային օրենսգրքում» լիզինգի առարկայի դիմաց լիզինգատուի կողմից ստացված վճարները դիտել որպես նվազեցում, ինչը հնարավորություն կտա լիզինգատուին՝ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում, կամ երկրորդային լիզինգով տրամադրման դեպքում լիզինգի առարկան օտարել և երկրորդային լիզինգով տրամադրել իրական արժեքին մոտ արժեքով։
«Առաջարկվում է նաև ԱԱՀ չնախատեսող գործարքով ձեռք բերված լիզինգի առարկայի համար լիզինգատուի կողմից ԱԱՀ չհաշվարկել։ Առաջարկում ենք նաև լիզինգառուներին՝ լիզինգի առարկայի տիրապետման և օգտագործման ժամանակահատվածում համարել գույքահարկ վճարող, ինչպես նաև սահմանել պետական մարմինների միջև գույքահարկի հաշվարկման համար տեղեկություններ փոխանակելու կարգը»,- ասաց Մարգարյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







