ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 15-ին, այցելել է Հայաստանի կենտրոնական բանկ, որտեղ աշխատակազմին է ներկայացրել ԿԲ նոր նախագահին՝ Մարտին Գալստյանին:
«Մենք այսօր հրաժեշտ ենք տալիս ԿԲ նխագահ Արթուր Ջավադյանին և այսօրվանից իր լիազորություններն է սկսում ԿԲ նոր նախագահ Մարտին Գալստյանը։ Պարոն Ջավադյան, ես ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ այս ընթացքում ձեր կատարած աշխատանքի և ներդրման համար։ Պարոն Գալստյան ուզում եմ ձեզ շնորհավորել և հաջողություն մաղթել ԿԲ նախագահի պաշտոնում ձեր գործունեության մեջ»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ Մարտին Գալստյանը բանկային համակարգում նոր մարդ չէ, բավական երկար ժամանակ է՝ աշխատում է բանկային համակարգում։
«Վերջին երկու տարում ավելի սերտ եմ առնչվել ԿԲ-ի հետ, և կարող եմ արձանագրել, որ ԿԲ-ում բավականին լավ թիմ և կորիզ է ձևավորվել, որը ընդհանուր առմամբ, կանխորոշում և աշխատում է ԿԲ-ի կայունության վրա: Ակնհայտ է, որ անկախ բոլոր քննադատություններից, որ բանկային համակարգը մեր երրորդ հանրապետության կարևոր ձեռքբերումներից է, և բանկային համակարգը ՀՀ-ում կայացած է ու կայուն է»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ այն փոփոխությունը, որ հիմա տեղի է ունենում, կարևոր է նրանով, որ ապահովում է որոշակի ժառանգականություն:
«Մյուս կողմից սա խորհրդանշում է առանց կայունության խաթարման փոփոխությունների, բարեփոխումների զարգացման կուրսը և անհրաժեշտությունը»,- ասաց վարչապետը:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովն Մարտին Գալստյանին ընտրեց Կենտրոնական բանկի նախագահ: Փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցած 119 պատգամավորներից «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածուի օգտին ձայն տվեցին 104-ը, դեմ՝ 15-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







