Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:58

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

1․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը երեկ հանկարծակի ԱԺ ամբիոնից խնդրեց «դեմ» քվեարկել իր իսկ բերած նախագծին: Խոսքը վերաբերում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախագծի չընդունման թիվ մեկ պատասխանատուն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն է, քանի որ վերջինիս ղեկակավարած գերատեսչությունը չի կարողացել ճիշտ հավաքագրել տվյալները, բոլոր գերատեսչությունների հետ համաձայնության գալ, ինչի համար Զեյնալյանը հայտնվել էր աննախանձելի իրավիճակում:

Ըստ թերթի տեղեկությունների՝ միայն նախօրեին է այս նախագիծն ուղարկվել կառավարության սոցիալական գծով նիստին, որի ժամանակ արդեն իրենց անհամաձայնությունն են հայտնել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հայտարարելով, որ հաշվարկներ չեն արվել, ինչի համար իրենք չեն կարող իրենց համաձայնությունը տալ: Եվ դրա համար Զեյնալյանին խնդրել են դադար տալ, որպեսզի կարողանան հարցերին լուծում գտնել և հետագայում ընդունել այն:

2․ «Հրապարակ» թերթը գրում է, որ գործարար, մասնագիտությամբ տնտեսագետ Մհեր Տերտերյանը, որը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի 15 խորհրդականներից մեկն էր, մեղադրվում է խարդախության մեջ (Քրեական օրենսգրքի 178-րդ հոդված, կետ 1): Նա անցնում է ավելի քան 1 միլիոն դոլար արժողության ուրիշի գույքին խարդախությամբ տիրանալու քրեական գործով:

Թերթը պարզել է, որ Տերտերյանի կինն ապրիլին դիմել է Կենտրոնի ոստիկանություն՝ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքն ամուսնու կողմից խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ: Քրեական գործի հարուցումը մերժվել է: Իսկ մայիսի 15- ին արդեն մերժման որոշումը վերացվել է և նոր որոշում է ընդունվել՝ քրեական գործ հարուցել 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով),և ուղարկվել Քննչական կոմիտե, նախաքննություն կատարելու։

Որոշումն ընդունել է Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ավագ դատախազ Լ. Մարկոսյանը:

3․ «Հրապարակ» թերթը գրում է, որ մեկ տարի է ԵՊՀ ռեկտորի պաշտոնը թափուր է, հիմա համառ լուրեր են շրջանառվում, որ իշխանությունը հակված է այդ պաշտոնին նշանակել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։ Բայց հունիսի կեսերին տեղի ունենալիք ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը կանցկացվի ոչ թե այն սխեմայով, որը կնպաստեր Արայիկ Հարությունյանի` հնարավոր ԵՊՀ ռեկտոր դառնալու ծրագրի իրականացմանը, այլ` հին սխեմայով։

«Արայիկ Հարությունյանը հասկացավ, որ համալսարանում լուրջ դիմադրություն կա իր՝ ռեկտոր դառնալու հետ կապված, հիմա փորձում են խորհուրդը ձևավորել հին սկզբունքներով, այն է․ 25 տոկոսը՝ կառավարությունից, 25-ը` նախարարությունից, 25-ը` ուսանողներից, 25-ը` դասախոսներից, սակայն գլխին կդնեն իրենց ցանկալի մարդուն»,- ասաց ԵՊՀ մեր աղբյուրը:

4․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ վերջին շրջանում հաճախ են լինում դեպքեր, երբ Երևանի ավագանու նիստերն անցնում են սակավամարդ: Ընդ որում, որքան էլ զարմանալի է, հիմնական բացակաները ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամներն են: Ովքե՞ր են այդքան շատ բացակայում: Այս հարցի պատասխանը ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Երևանի քաղաքապետարան` խնդրելով տրամադրել 2018թ. հոկտեմբերի 10-ից (առաջին նիստի գումարման օր) մինչև օրս տեղի ունեցած նիստերից ավագանու անդամների բացակաների ցանկը:

Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ մինչ այժմ տեղի է ունեցել ավագանու 29 նիստ: Եվ, ահա, ուսումնասիրելով բացակաների ցանկը, պարզ դարձավ, որ այդ նիստերից 14 անգամ բացակայել է ավագանու անդամ Արմեն Ղալեչյանը, 12-ական անգամներ՝ խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը, Ռուբեն Հայրապետյանը, Պավել Մազմանյանը, 11 անգամ՝ Օվսաննա Հովսեփյանն ու Կարինե Բաղդասարյանը, 10-ական անգամներ Էդգար Բարսեղյանը. Արման Հարությունյանը և Ռուբեն Սիմոնյանը: Ավագանու մյուս անդամներն արդեն ավելի քիչ թվով բացականեր ունեն:

Օրինակ՝ Աշոտ Մնացականյանը բացակայել է 9 անգամ, Լիլիթ Պիպոյանն ու Սերգեյ Ասատրյանը՝ 8-ական անգամ և այդպես շարունակ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ամենաշատ՝ 14 բացակա ունեցող Արմեն Ղալեչյանը նշեց, թե բացակայել է առողջական խնդիրների պատճառով, իսկ ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանն էլ նշեց, թե ռեկտոր լինելու ընթացքում դժվարացել է համատեղել և անգամ հրաժարվել է ավագանու անդամներին տրվող փոխհատուցումից, որը նվազագույն աշխատավարձի չափով է:

5․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Ազգային ժողովի իր աշխատասենյակում երեկ մի քանի ժամ քննիչները հարցաքննել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:

Նա թերթին ասել է, որ տևական ժամանակ է՝ ԼՀԿ գրասենյակ է զանգահարում մի անհայտ քաղաքացի, սպառնալիքներ հնչեցնում՝ պահանջելով, որ քննադատական ելույթներ չունենա: Մարուքյանի բացատրական ջանքերն ապարդյուն են անցել, քաղաքացին շարունակել է այնքան, մինչև ԼՀԿ ղեկավարը դիմել է գլխավոր դատախազություն։ Այժմ քրեական գործ է հարուցվել՝ սպառնալիքի փաստով:

6․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ երեկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց: Դիմումն անակնկալ էր ինչպես ՊԵԿ-ի ներսում, այնպես էլ այդ կառույցից դուրս: ՔՊ-ն այնքան էլ գոհ չի եղել Անանյանից` նրան համարելով փափուկ կառավարիչ, «հներին», օլիգարխներին չպատժող տեսակ, ինչին մի առիթով Անանյանը հակադարձել է. «Բոլոր դեպքերում չէ, որ պետք է պաշտոններից հանենք մարդկանց ու երիտասարդ անփորձ կադրերով փոխարինենք»: Այս արտահայտությունը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մշտապես հիշվել է ՔՊ վարչության նիստերում թեմատիկ քննարկումների ժամանակ:

Անանյանն աշխատանքից ազատվելու պատճառների մասին հրապարակավ ոչինչ չհայտնեց` բավարարվելով միայն շնորհակալությունով։ ՊԵԿ-ի շուրջ կատարվող գործընթացներից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, թերթի տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը վերջերս ստուգումներ է սկսել ՊԵԿ-ում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը հաստատեց ստուգումներ անցկացնելու մասին տեղեկությունները` ասելով, որ ստուգումներ սկսելու մեկնարկը տրվել է մայիսի 12-ի հրամանագրով:

Անանյանի՝ աշխատանքից ազատման լուրից հետո սկսվեցին խոսակցությունները նրան փոխարինողի մասով: Թերթի տեղեկություններով՝ ավելի շատ քննարկվում է Դավիթ Անանյանի տեղակալներից Շուշանիկ Ներսիսյանի անունը՝ որպես նրան ամենահավանական փոխարինող։

Գաղտնիք չէ, որ նա այս իշխանությունների համակրանքն է վայելում, և կարծիքներ կան, թե նրան կառավարելը հեշտ է: Եվ չնայած ՊԵԿ-ում մեծ ազդեցություն ունի նաև Ռաֆիկ Մաշադյանը, սակայն, ամենայն հավանականությամբ, ընտրությունը թերևս նրա վրա կանգ չի առնի: Ավելին, առաջիկայում չի բացառվում, որ նա ևս կարող է աշխատանքից ազատման դիմում ներկայացնել:

7․ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ 2019 թվականի մարտի 19-ին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը բավարարել էր հայաստանցի գործընկերների միջնորդությունը՝ ավազակության մասնակցելու համար փնտրվող ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ալրաղացի Լյովիկ մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանի արտահանձման վերաբերյալ։ Սակայն արդեն երկար ժամանակ է՝ նրան Հայաստանին վերադարձնելու պրոցեսը դոփում է տեղում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ներքին կարգով ՌԴ իրավապահ համակարգը ՀՀ իր գործընկերներին հայտնել է, թե բողոքարկման գործընթաց է գնում, և դա է պատճառը, որ առայժմ նրան չեն կարողանում վերադարձնել Հայաստանին: Ավելին, բողոքի քննությունից հետո միայն պարզ կլինի՝ կվերադարձնեն նրան, թե ոչ: Միևնույն ժամանակ իրավապահ մարմիններին ՌԴ-ից վստահեցրել են, թե իր հանձնման գործընթացը տեղի կունենա, եթե բողոքարկման գործընթացը չձգձգվի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+