Սյունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը 103 է։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Սյունիքի մարզպետարանը։
Համաձայն հաղորդագրության՝ 103 վարակվածներից 60-ը ապաքինվել է։
Ընդհանուր առմամբ, Կապանում հաստատվել է 3, Գորիսում՝ 1, Սիսիանում՝ 9, Մեղրիում՝ 29, Գորայքում՝ 1 վարակի դեպք։
«14 հիվանդ բուժում է ստանում Կապանի ԲԿ-ում, 29 հիվանդ ասիմպտոմ է, ինքնամեկուսացած է 338 հոգի»,- ասվում է մարզպետարանի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ միայն վերջին 3 օրվա ընթացքում հաստատվել է 23 նոր դեպք։
Մարզպետ Հունան Պոսայանն էլ հերթական անգամ դիմել է մարզի բնակիչներին՝ կոչ անելով գիտակցել խնդրի լրջությունը և համարժեք արձագանքել ստեղծված իրավիճակին։
«Ցավով պետք է փաստենք, որ իրավիճակին համարժեք արձագանք չենք տեսնում, և բոլորիս գործունեության արդյունքում ունենք հետևյալ իրավիճակը։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ վարակվածների նման աճ չէինք ունենա, եթե հստակորեն պահպանեինք սահմանված կանոնները։ Մեր ուսումնասիրությունները, տարբեր բնակավայրերում հանդիպումները, ամենօրյա շրջայցերը փաստում են, որ ոչ միշտ ենք պահպանում անհրաժեշտ կանոնները»,- նշել է մարզպետը։
Պողոսյանը ևս մեկ անգամ հորդորել է պահպանել պարետի սահմանած կանոնները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







