ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Hetq.am-ում հրապարակված՝ «Չթեստավորված կամ թեստավորման դրական արդյունքով դուրս գրվածներս ո՞ր վիճակագրության մեջ ենք» վերտառությամբ հոդվածին։
Կորոնավիրուսով հիվանդացած Արամ Բաբաջանյանը (Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականն է, Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր) «Հետք»-ի հետ զրույցում պատմել է, թե ինչ փուլերով է անցել։ Բաբաջանյանը զարմանք է հայտնել, որ մարդկանց զանգվածաբար դուրս են գրում և հայտնում, որ պետք է նրանք սպասարկվեն պոլիկլինիկաներում, բայց այնտեղ տեղյակ չեն այդ մասին։
Նիկողոսյանը նշել է, որ տնային բուժումները հսկվում են պոլիկլինիկաների կողմից, ուստի անհրաժեշտ է, որ դրական դեպքերը կապի մեջ լինեն իրենց տեղամասային բժշկի հետ՝ օրը երկու անգամ` հեռախոսազանգով, անհրաժեշտության դեպքում բժիշկները նաև պիտի այցելեն իրենց:
Խոսնակը նշել է, որ հիվանդանոցներում բուժում են ստանում ծանր և ծայրահեղ ծանր պացիենտները, իսկ ովքեր դուրս են գրվել, նշանակում է, որ հիվանդանոցային բուժման անհրաժեշտություն չի եղել:
«Տնային բուժումների մասին մենք հայտարարել ենք դեռ անցած շաբաթ: Ինչ վերաբերում է մնացած մանրամասներին` առավոտյան կխոսեմ հիվանդանոցի անձնակազմի հետ և անհրաժեշտության դեպքում կհրապարակենք ողջ իրողությունը: Այն հիվանդանոցը, որը մատնանշում է պարոն Բաբաջանյանը` ծայրահեղ ծանր մարդկանց հետ է բերել բնականոն կյանք»,- գրել է ԱՆ խոսնակը։
https://www.facebook.com/photo.php?fbid=2619183118183465&set=a.547725875329210&type=3&theater
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







