Այսօր ԱԺ-ում պատգամավոր Արման Բաբաջանյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց՝ առողջապահական համակարգի գերբեռնվածությունը տեսնելով՝ ինչ հավանականություն կա, որ այն կարող է փլուզվել:
«Ամեն ինչ պետք է անենք, որ թույլ չտանք կոլափսը, երբ չենք կարողանա սպասարկել պացիենտներին, դրա համար տեղի է ունենում հզորությունների զարգացում»,-պատասխանեց նախարարը:
Ինչ վերաբերում է հիվանդության դեմ պայքարի համար 300 միլիոն դոլար ծախսերի մասին խոսակցություններին՝ Թորոսյանը նշեց.
«Իմ խոսքում մեկ անգամ մեջբերել էի մի մեթոդաբանություն, որով հնարավոր էր՝ մինչև հունիսի վերջ ունենայինք 500 հազար դեպք, և եթե նման թվով դեպքեր լինեին, մեզ անհրաժեշտ կլիներ 300 միլիոն դոլար: Բարեբախտաբար, մենք չենք ունենա այդքան դեպք՝ նույնիսկ նման ահագնացող տեմպերով աճի դեպքում»,-ասաց Թորոսյանը:
Հարցին՝ դիմակ կրելու խստացված ռեժիմը ի ՞նչ արդյունք կարող է տալ և որքան ժամանակից հնարավոր կլինի գնահատել արդյունքները, Թորոսյանը նշեց, որ այդ հիվանդության բնույթը հաշվի առնելով՝ գնահատականներ հնարավոր է տալ 7- 14 օրում:
«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ չգնանք հետ, որ կարիք չլինի գնալ տոտալ «լոքդաունների»»,-ասաց Թորոսյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







