Հայաստանում մարդիկ արտակարգ դրության ընթացքում 3 անգամ ավելի շատ են կատարել էլեկտրոնային առևտուր: Առևտրի այս եղանակը ոչ միայն բացառում է ՀԴՄ կտրոն չտպելու ռիսկերը, այլ նաև կանխում վարակի հնարավոր տարածումը՝ թղթադարամի, մետաղադրամի միջոցով: «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը:
Նա նկատել է՝ կարևոր է, որ երկուստեք՝ թե տնտեսավարողները, թե քաղաքացիները նախընտրեն էլեկտրոնային եղանակով վճարում կատարելը, քանի որ ռիսկեր են նվազեցվում:
«Թե վարչապետը, թե կառավարության մյուս անդամները խրախուսում են, որ քաղաքացիներն առևտուր անելիս պահանջեն ՀԴՄ-ներ: Էլեկտրոնային առևտրի ժամանակ այդ խնդիրներն ավտոմատ կերպով դուրս են գալիս, ամբողջ շրջանառությունն էլեկտրոնային տարբերակով թափանցիկ ձևով երևում է»,-ասաց Ծատուրյանը:
Հարցին, թե պետությունն ինչ քայլեր է ձեռնարկում, որ կորոնավիրուսի իրավիճակի ավարտից հետո ևս էլեկտրոնային առևտրի մշակույթն արմատավորվի հասարակության մեջ՝ փոխնախարարը պաստասխանեց՝ դա կախված է նաև տնտեսավարողների մատուցած ծառայությունների որակից:
Փոխնախարարը նկատեց նաև, որ Հայաստանում բավականին շատ ունենք տեղական վճարային համակարգեր: «Մեր վերջին հարցումներով՝ նրանց ծավալները 2-3 անգամ ավելացել են: Միտումը գնում է նրան, որ մարդիկ նախընտրում են օգտվել օնլայն առևտրից, ուղղակի պետք է շեշտը դնել որակի վրա, որը կախված է տնտեսավարողների աշխատանքի կազմակերպման ձևից»,-ասաց Ծատուրյանը:
Փոխնախարարը նկատեց՝ թղթադրամից հրաժարվելու համար միջոցներ կան, դրանք հասանելի են գրեթե ամենուր՝ նաև նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով, դրանք զինված են քարտով վճարումներ ընդունելու հնարավորությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







