2019-ը դրական էր մակրոկայունության, ֆինանսական կայունության, մշակող արդյունաբերության և զբոսաշրջության բնագավառում արձանագրված դրական երկնիշ աճով: Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ Կառավարության ծրագրի 2019-ի կատարողականի քննարկմանը:
Սակայն, ըստ պատգամավորի, մետաղադրամը ունի երկու կողմ: Նա ասաց, որ դրականը պետք է գնահատել, և այդ դրականը հիանալի ներկայացված է կառավարության զեկույցում։ Բայց դրան զուգահեռ, ըստ Խաչատրյանի, զեկույցում մետաղադրամի մյուս կողմը՝ այն է՝ բացասական միտուններն ու երևույթները ներկայացված չեն։ Խաչատրյանը որոշեց հիշատակել այդ բացասական զարգացումներից մի քանիսը։
Պատգամանավորն ընդգծեց՝ գյուղատնտեսության, կրթության կշիռը ՀՆԱ-ում նվազել է, իսկ ՏՏ ոլորտի՝ 2017-ի 3.3 տոկոսը՝ պահպանվել է, հանքարդյունաբերության ոլորտը աճել է 21 տոկոսով։
«Մեզ ոչ թե ուղղակի պետք է տնտեսական աճ, այլ պետք է կենսամակարդակի բարձրացում, տնտեսական զարգացում, որին կարող ենք հասնել արտադրողականության աճի բարձրացմամբ։ Մեզ պետք են կառուցվածքային այնպիսի փոփոխություններ, որում հնա-ն կունենա այնպիսի կառուցվածք, որում կգերակշռեն բարձր արտադրողականություն ունեցող ճյուղերը։
Մեր հիմնական խնդիրը ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստման մեջ է, տեխնոլոգիական համալսարանի ստեղծումն այլընտրանք չունի, առանց մասնագետների պատրաստման չենք կարող խոսել այդ ոլորտի զարգացման մասին, ուստի պետք է գտնել գումարներ այդ կառույցը ստեղծելու համար»,- դիմելով վարչապետին՝ ասաց պատգամավորը:
Ըստ պատգամավորի՝ մշակող արդյունաբերության աճին զուգընթաց ունեցել ենք 4 տոկոսանոց անկում գյուղատնտեսության ոլորտում։ Մենք պետք է արտահանումը համադրենք ներմուծման հետ, պնդեց նա՝ նշելով, որ ներկա փուլում ներմուծումը զգալիոն ավելի մեծ է քան արտահանումը, և մեզ չի հաջողվում զարգացնել արտահանումը։
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը պետք է ունենա արտահանմանը միտված տնտեսություն, բայց դեռևս մնում ենք ներմուծող երկիր՝ ներմուծման ցուցանիշը նախորդ տարի կրկին գերազանցել է արտահանման ցուցանիշը: Օտարերկրյա ուղղակի ներհոսքի զուտ ներհոսքը 2019 թվականին այն կազմել է 48,1 միլիարդ դրամ, ինչը գրեթե կիսով չափ պակաս է 2017 թվականից։ Մասնավոր հատվածի պարտի բեռի ավելացումը, Խաչատրյանը համարեց իր ամենամեծ մտահոգությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







