Վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդության աճի տեմպը գրեթե նույնն է` 3-5% սահմաններում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Աճի կորի հարթեցումը մեզ որոշակիորեն հաջողվել է: Որոշակիորեն հաջողվել է ժամանակ շահել և վերադասավորվել` հիվանդության դեմ պայքարի ավելի կազմակերպված համակարգ ունենալու համար»,- գրել է նա:
Նախարարը նշել է, որ այդ ջանքերը դեռ պետք է շարունակվեն և պետք է լինեն կոլեկտիվ` բոլորիս կողմից:
«Մենք պետք է շարունակենք պահպանել հեռավորությունը միմյանց միջև, ձեռքերը հաճախ ախտահանենք, փակենք մեր բերանը դիմակով, երբ հնարավոր է:
Սահմանափակումների թուլացմանը զուգընթաց, մենք առավել մեծ անձնական պատասխանատվություն պետք է դրսևորենք վարակի տարածումը կանխարգելելու համար»,- ընդգծել է Արսեն Թորոսյանը:
Նա նշել է, որ սահմափակումների թուլացումը չի նշանակում, որ այլևս վտանգ չկա վարակվելու և վարակելու ուրիշներին, հատկապես մեր տարեց և քրոնիկական հիվանդություններով հարազատներին, մեր հայրերին և մայրերին, մեր տատիկներին և պապիկներին:
https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1210948089091454
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







