ՀՀ կառավարությունը հանդես է եկել «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախաձեռնությամբ։
Նախագծով առաջարկվում է թույլատրել ՀՀ կառավարությանը 2019 թվականի դեկտեմբերին Չինաստանում բռնկված և կարճ ժամանակահատվածում տարբեր երկրներում տարածված և 2020 թվականի մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես պանդեմիա ճանաչված Կորոնավիրուսային վարակի (2019n-CoV) դեմ պայքարի, հիվանդության հետևանքների չեզոքացման և վերացման նպատակով փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում` ապահովելով հիվանդության դեմ պայքարի համար անհրաժեշտ գործիքակազմով: Նախատեսվում է համաճարակի դեմ պայքարի ու դրա հետևանքների վերացման նպատակով Կառավարությանը պետական բյուջեի ծախսերում ներքին վերաբաշխումներ (կրճատումներ և ավելացումներ) կատարելու լիազորություն վերապահել։
Առաջակվում է Կառավարության որոշումների հիման վրա բյուջետային վերաբաշխումներ կատարելիս գերազանցել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանաչափերը, Կառավարության որոշումների հիման վրա Կառավարության պահուստային ֆոնդից հատկացումներ կատարելիս գերազանցել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանաչափը:
Վիրուսի ինտենսիվ տարածումը հղի է լուրջ տնտեսական հետևանքներով թե՛ միջազգային, թե՛ տեղական մասշտաբով: Տնտեսական աճերի, բորսային ապրանքների միջազգային գների, մասնավորապես` նավթի և մետաղների գների անկման գնահատականները` մարտի սկզբի գնահատականների համեմատ, ապրիլին շատ ավելի վատատեսական են: Հիմնական ռիսկերն են` խորը անկումը և դանդաղ վերականգնումը:
Արտաքին ռիսկերն ազդելու են ՀՀ տնտեսության վրա նշյալ սցենարներով՝
Արտահանման հավանական կորուստներ (համաշխարհային մետաղակական և ոչ մետաղական գների և արտաքին պահանջարկի նվազման հետեւանքով),
- Դրամական փոխանցումների ներհոսքի հավանական կորուստներ (ՌԴ-ում տնտեսական աճի նվազմամբ պայմանավորված աշխատողների դրամական եկամուտների կրճատման, ռուսական ռուբլու արժեզրկման, ինչպես նաև ՌԴ սահմանների փակման հետևանքով),
- Զբոսաշրջության հավանական կարուստներ (կորոնովիրուսի տարածման բացասական հետևանքներից խուսափելու նպատակով միջազգալին զբոսաշրջիկների թվի կրճատման և տարատեսակ միջոցառումների հետաձգման հետևանքով),
- Ռուսական ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված հայկական շուկայում ռուսական ապրանքների էժանացման հետևանքով ՀՀ ներմուծման ծավալների աճի հաշվին հնարավոր կորուստներ (ՌԴ գնաճի վերաբերյալ գնահատականների բացակայությամբ պայմանավորված այդ գործոնը հաշվի չի առնվել):
- Ներմուծման կրճատման ՀՆԱ-ի վրա դրական ազդեցությունը (նավթի համաշխարհային գների նվազման ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա սկսել է առարկայանալ` նավթի մանրածախ գների անկման տեսքով):
ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի հաղթահարման համար կիրառվող ներքին սահմանափակումների ՀՀ տնտեսության վրա ունեցել են հետևյալ ազդեցությունը`
- Արդյունաբերության ճյուղի նվազում` հիմնականում մշակող արդյունաբերության, այդ թվում` սննդամթերքի և խմիչքների արտադրության ու էլեկտրաէներգիայի մատակարարման նվազման հետևանքով (բացառությամբ բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալների),
- Ծառայությունների ճյուղի նվազում` մասնավորապես, առևտրի, փոխադրումների, կացության և հանրային սննդի, ֆինանսական և ապահովագրական գործունեության, զբոսաշրջության, ինչպես նաև մշակույթ, զվարճություններ և հանգիստ ու սպասարկման այլ ծառայությունների ծավալների նվազման հետևանքով:
Վերոնշյալ բացասական գործոնները պետական բյուջեի վրա ունեցել են ազդեցություններ, որոնք են՝
Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության կրճատում: Պատմական տվյալները ցույց են տալիս, որ տնտեսական անկման պայմաններում հարկային եկամուտները նվազում են ավելի շատ քան ՀՆԱ-ն, հետևաբար տեղի է ունենում նաև հարկեր/ՀՆԱ-ի անկում: Նոր կորոնավիրուսի պատճառով առաջացած ներքին և արտաքին բացասական գործոնների ազդեցությամբ սպասվում է նաև հարկեր/ՀՆԱ հարաբերակցության նվազում:
Անվանական ՀՆԱ-ի կրճատման հետևանքով կնվազեն հարկային եկամուտները: 2020 թվականին անվանական ՀՆԱ-ն պետական բյուջեի հիմքում դրված ՀՆԱ-ի նկատմամբ կլինի ավելի ցածր: Հաշվի առնելով նաև հարկեր/ՀՆԱ-ի կրճատումը, 2020թ.-ին սպասվում է հարկային եկամուտների զգալի նվազում:
Պետական բյուջեի պակասուրդի և պետական պարտքի աճ: Այս պարագայում, պետական բյուջեով նախատեսված ծախսերը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից տնտեսական աջակցության հավելյալ միջոցառումներն իրականացնելու համար կառաջանա լրացուցիչ ֆինանսավորման կարիք: Արդյունքում պետական բյուջեի պակասուրդը կաճի և անհրաժեշտություն կառաջանա ներգրավել նաև պետական պարտք ներքին ևարտաքին աղբյուրներից:
ՀՀ տնտեսությունում ներկայումս կիրառվող սահմանափակումների և արտաքին աշխարհից ներթափանցող ռիսկերի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից այդ զարգացումներին հակազդելու համար կիրառվող 150 մլրդ աջակցության փաթեթների ազդեցության արդյունքում գնահատվել է, որ 2020 թվականին իրական ՀՆԱ-ն կնվազի շուրջ 2 տոկոսով:
Տնտեսական անկման պայմաններում, գնահատվել է, որ 2020թ.-ին հարկային եկամուտները պետական բյուջեի սցենարի համեմատ կնվազեն մոտ 169.1 մլրդ դրամով: Արդյունքում, անփոփոխ պահելով ծախսերի մակարդակը ևներառելով 150 մլրդ դրամ տնտեսության օժանդակության փաթեթները, պետական բյուջեի պակասուրդը կաճի` հասնելով ՀՆԱ-ում 5.0%-ի, իսկ պետական բյուջեի լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կկազմի շուրջ 260 մլրդ դրամ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







