Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Առողջապահական համակարգի հնգամյա զարգացման ռազմավարության նախագիծը:
Ինչպես տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է նախագծի ռազմավարական սկզբունքներին, հիմնարար նպատակներին, առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրներին և ռազմավարական ուղղություններին:
Նշվել է, որ նախագծի առաջնահերթություններն են լինելու բնակչության առողջության մակարդակի, կյանքի միջին տևողության բարձրացումը, մայրական և մանկական մահացության դեպքերի, բնակչության մահացության պատճառների նվազեցումը, առավել տարածված հիվանդությունների կանխարգելումը, առողջության առաջնային պահպանման ծառայություններին չդիմելու հիմնական պատճառների վեր հանումը և դրանց վերացումը, որակյալ բուժօգնության ապահովումը:
Հարցին առնչվող քննարկման ընթացքում վարչապետ Փաշինյանը նշել է, որ պետք է առավել կոնկրետացնել նախագծով նախատեսվող գործողությունները ու ընդգծել մոր և մանկան առողջության ապահովման ուղղությամբ առկա խնդիրների լուծման կարևորությունը:
«Ռազմավարությունը պետք է լինի մարդակենտրոն, և մեր ռազմավարական խնդիրն է՝ մարդկանց առողջության ապահովումը: Մեր քայլերով մաքսիմալ պետք է խթանենք ծնելիությունը, ըստ տարիքների վեր հանենք առողջապահական խնդիրները, իրականացնենք դրանց լուծման համապատասխան գործողություններ, նպաստենք մարդկանց երկարակեցությանն ու աշխատունակությանը»,- ասել է կառավարության ղեկավարը:
Նշվում է, որ վարչապետը հանձնարարել է լրամշակել նախագիծը, ներկայացնել միջոցառումնմերի ծրագիր և դրանով նախատեսվող քայլերի հստակ ժամանակացույց:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







