Երեկ մոտ 70 մեկուսացված անձանց կորոնավիրուսի թեստավորում է անցկացվել, և 7-ի պատասխանը դրական էր, այսինքն՝ այդ անձանց մոտ հայտնաբերվել էր COVID-19-ի հարուցիչը։ Այս մասին Առողջապահության և սոցիալական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ տեղեկացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ այս դրական դեպքերը ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե որքան կարևոր է մեկուսացնել Հայաստան ժամանող մարդկանց․ այս 7 հոգին եթե մեկուսացված չլինեին, վերջին 14 օրերի ընթացքում վարակը կտարածեին այլ մարդկանց շրջանում։
«Հայաստան ժամանելիս, հետազոտության արդյունքները հավանաբար բացասական կլինեին, և նրանք, ազատ տեղաշարժվելով, էլի կտարածեին վարակը»- ընդգծեց նախարարը։
Ինչ վերաբերում է վիրուսից պաշտպանվելու համար դիմակ կրելուն, Թորոսյանը նկատեց, որ ժամանակին ասել է, որ կարիք չկա, բայց հիմա նոր խորհուրդներով ասում է՝ «խորհուրդ է տրվում կրել»։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ թե ինչքան դիմակը կպաշտպանի, կախված է հենց մարդուց: Նույն ձեռքեր լվանալը շատ ավելի կարևոր է, քանի դիմակ կրելը:
Նա հիշեցրեց, որ ԱՀԿ-ն այժմ խորհուրդ է տալիս նույնիսկ կտորից դիմակ կրել, սակայն պետք է ամեն օր պատշաճ լվանալ, որպեսզի դրա մեջ վտանգավոր հարուցիչներ չմնան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







