ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի տարածման տեմպն ավելի գցելու համար հորդորում է շարունակել տանից անհարկի դուրս չգալ, գնալ միայն խանութ, դեղատուն:
«Երեկ ամբողջ օրն ունեցեել ենք ընդամնեը 11 նոր հաստատված դեպք, ինչը դրական հանգամանք է, սակայն մեզ պետք է խորհելու տեղիք տա, որ ազգովի շարունակենք հասնել ավելի ցածր ցուցանիշների»,- ասաց առողջապահության նախարարը Ֆեյսբուքի ուղիղ միացմամբ։
Նախարարի խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի կրկնապատկման արագությունը նվազել է:
«Եթե օրական տոկոսային աճով ենք նայում, ապա մեզ մոտ վերջին երեք օրերին տոկոսային աճը եղել է 4.6%, 6.8% և 1,3%: Կրկնապատկման արագությունը 7 օրը մեկից դարձել է 8 օրը մեկ: Մեր խնդիրն է՝ որքան հնարավոր է, գցել այդ տեմպը»,- ասաց Թորոսյանը:
Թորոսյանը տեղեկացրեց, որ այս պահին կա միայն կորոնավիրուսային հիվանդության համար առանձնացված 1400 մահճակալային ֆոնդ, որի կեսն է հիմա զբաղված: Պացիենտները, որոնք չունեն որևէ գանգատ, կամ գանգատները քիչ են, հիվանդանոցների փոխարեն գտնվում են հյուրանոցներում՝ բժշկական վերահսկողության տակ։
Անդրադառնալով դիակների խնդրին՝ նախարարը նշեց, որ հիվանդությունը հիմնականում փոխանցվում է տարբեր մակերեսներից ձեռքով վերցնելու և ձեռքը քթին կամ աչքերին հպելու դեպքում։
«Դիմակներն այս դեպքում ոչ թե օդային ճանապարհով վարակը կանխարգելելու համար են, այլ հիմնականում օգնում են, որ ձեռքը պատահաբար, անգիտակցորեն չմոտեցնենք մեր շուրթերին կամ քթին։ Դեմքին հպվելու դեպքում ձեռքն անգիտակցորեն չպետք է մոտեցնել քթին, աչքերին պետք է լվանալ ձեռքերը՝ անընդհատ կանխարգելելով վարակի տարածումը»,- ասաց Թորոսյանը։
Նախարարը նշեց, որ ամբողջ աշխարհում դիմակների դեֆիցիտ է դիտվում, կամ գինը հարաբերականորեն բարձր է լինում պահանջարկի պատճառով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







