ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» օրենքում և «Գործունեության ծանուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը: Այն խորհրդարանի մարտի 24-ի նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Նա ներկայացրեց, որ 2019-ի հունիսին «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված լրացման համաձայն՝ ՀՀ ներմուծվող ցեմենտի համար սահմանվել էր 14.000 դրամ պետական տուրք: Օրենքի փոփոխությունը գործում էր մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը: Ըստ նախագծի՝ առաջարկվում է ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքի ժամկետը երկարաձգել մինչև դեկտեմբերի 31-ը:
«Կառավարությունն առաջարկում է ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքը երկարացնել ևս երեք ամսով՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը: Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի ներքին արտադրությունը խթանելու և ներմուծվող ու տեղում արտադրվող ցեմենտի համար հավասար մրցակցային դաշտի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ»,- ասաց Ավանեսյանը:
Ավանեսյանը նշեց, որ պաշտպանիչ միջոցը կիրառվել է, քանի որ վերջին տարիներին Իրանի արժույթի անկում է եղել, երկրորդը՝ հարավային գործընկերոջ կողմից վարվող քաղաքականությունը և երրորդը՝ իրանական տնտեսությունը վերջին տարիներին անկում է գրանցում: Արտադրական ծավալները շարունակում են մնալ նույնը, արդյունքում նկատվում է արտադրական ծավալների գերբավարարվածություն, որի արդյունքում գինը անկում է ապրում։
Օրենքի նախագիծը դրական եզրակացության է արժանացել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







