Երևանի «Շտապ օգնություն» ծառայության կանչերը մարտ ամսին հունվար և փետրվար ամիսների համեմատ նվազել են: Մարտի 23-ին ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նրա խոսքով, եթե հունվար, փետրվար ամիսներին իրենք սպասարկել են օրվա ընթացքում 900-950 կանչ, ապա այսօր սպասարկում են 700-750 կանչ:
«Մեր հիմնական կանչերը կապված են սիրտանոթային, սուր շնչառական հիվանդությունների, վնասվածքների հետ: Եթե համեմատում ենք սուր շնչառական հիվանդությունների՝ մարտ ամսվա օրական կտրվածքով կանչերի թիվը հունվար, փետրվար ամիսների հետ, ապա ասեմ, որ այստեղ էլ նվազում ունենք: Տարվա սկզբին մենք սուր շնչառականների հետ կապված օրվա ընթացքում սպասարկում էինք 150-220 կանչ, այսօր այդ թիվը տատանվում է 100-140-ի միջակայքում»,-ասաց Թագուհի Ստեփանյանը: Ինչ վերաբերում է կորոնավիրսուով պայմանավորված «Շտապ օգնություն» ծառայության ծանրաբեռնվածությանը, ապա Թագուհի Ստեփանյանը նշեց, որ իրենք միշտ են ծանրաբեռնված աշխատում:
Ստեփանյանը հորդորեց բնակիչներին իրենց դիմել միայն իրապես անհրաժեշտության դեպքում:
«Շատերը կարծում են, որ եթե իրենց մոտ կա կասկած կորոնավիրուսի հետ կապված, ապա կարող են զանգել շտապ օգնություն, բժիշկները կտանեն ինֆեցիոն հիվանդանո,ց կթեստավորեն և կբերեն տուն: Ոչ, այդպես չէ, նախ ասեմ, որ ինֆեկցիոն հիվանդանոցը նույնպես գերծանրաբեռնված է աշխատում, և այդ թեստավորումը յուրաքանչյուրի քմահաճույքով չի կատարվում: Դրա համար կան հատուկ ցուցումներ»,-ասաց նա։
Հարցին, թե արդյոք «Շտապ օգնություն» ծառայության բժիշկներից կան ինքնամեկուսացածներ, Թագուհի Ստեփանյանը պատասխանեց, որ այսօրվա դրությամբ նոր դեպքեր չկան: Ինչ վերաբերում է երեք բուժաշխատողին, ապա նրանք Հայաստանում կորոնավիրուսի հաստատման առաջին դեպքի հետ են կապված եղել: Ինչպես տեղեկացվել էր, 14 օր մնացել էին ինքնամեկուսացված, նրանց մոտ վարակ չէր հայտնաբերվել, նրանք դուրս են եկել և այժմ անցել են բնականոն աշխատանքի: Ծառայության բժիշկներին տրամադրվում են բոլոր անհրաժեշտ միջոցները վարակից խուսափելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







