Թուրքիայի նախագահը մեկնաբանել է Կրեմլի հայտարարությունն այն մասին, որ սիրիական կառավարական զորքերի դեմ թուրքական գործողությունը «Իդլիբում իրադարձությունների զարգացման վատագույն սցենարն է»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի հավատում Սիրիայում «վատ սցենարին» Ռուսաստանի մասնակցությանը։
Այսօր Էրդողանը նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստին անդրադարձել է թուրք-սիրիական լարված հարաբերություններին՝ զգուշացնելով, որ եթե սիրիական հարցում ներգրավված երկրները չփարատեն Թուրքիայի անվտանգության հետ կապված մտահոգությունները, ապա Թուրքիան ստիպված է լինելու քայլեր ձեռնարկել։ Փոխանցում է ermenihaber-ը։
Թուրքիայի նախագահը Սիրիայի կառավարական ուժերին զգուշացրել է դադարեցնել գործողությունները Իդլիբում և զորքերը հետ քաշել՝ հավատարիմ մնալով Սոչիի համաձայնագրին:
Էրդողանը նկատել է, որ խնդրի վերաբերյալ Ռուսաստանի հետ ունեցած բանակցություններում ցայսօր որևէ արդյունքի չեն հասել:
«Իդլիբի հարցում Թուրքիան ամեն կերպ պատրաստվել է իր գործողության ծրագրերն իրականացնելու համար:
Ինչպես ցանկացած օպերացիայի ժամանակ է լինում, այս հարցում նույնպես ասում ենք, որ «մի գիշեր անսպասելի կարող ենք գալ»: Պարզ ասած` Իդլիբի օպերացիան այլևս վայրկյանի հարց է»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Նա նաև շեշտել է Թուրքիայի վճռականությունը՝ Իդլիբն անվտանգային գոտու վերածելու առնչությամբ: Եվ համոզմունք է հայտնել, Թուրքիան Իդլիբը չի թողնի Սիրիայի կառավարական ուժերի և նրանց աջակիցների ձեռքում:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Թուրքիան դեռ չի ստացել իր բավարարող արդյունքը սիրիական Իդլիբի շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններում և պատրաստ է այդ տարածաշրջանում ռազմական գործողություն սկսել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






