Կորոնավիրուսի նոր տեսակով վարակվելու հաստատված դեպքերի թիվն աճում է ոչ միայն Չինաստանում, այլև՝ Չինաստանի սահմաններից դուրս։ Չինաստանի սահմաններից դուրս վարակվածների թիվը կազմել է 1011: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով South China Morning Post թերթի կայքում զետեղված տվյալները:
Չինաստանում զոհերի թիվը հասել է 2004-ի, այս ողջ ընթացքում բուժվել է ավելի քան 14․3 հազար մարդ։
Հրատարակության կայքում տեղադրված առցանց հաշվիչի համաձայն՝ աշխարհում, ընդհանուր առմամբ, գրանցվել է 75 հազար 196 դեպք, որից միայն Չինաստանը՝ 74 հազար 185:
Երկրորդ տեղում է Ճապոնիան՝ 613 դեպքով, այդ որում վարակվածներից 542 եղել են Diamond Princess նավում։ Հաջորդը Սինգապուրն է (81 դեպք), Հոնկոնգը (62), Հարավային Կորեան (46), Թաիլանդը (35), Թայվանը (22), Մալազիան (22), Գերմանիան (16), Վիետնամը (16), Ավստրալիայում և ԱՄՆ-ում՝ 15-ական, Ֆրանսիայում՝ 11, Մակաոյում՝ 10, այլ 15 երկրներում՝ 10-ից պակաս: Ռուսաստանում՝ 2 դեպք, երկու հիվանդներն էլ արդեն ապաքինվել են:
Ճապոնիայում Diamond Princess զբոսանավի՝ կորոնավիրուսով չվարակված ուղևորները սկսել են ափ դուրս գալ՝ վիրուսի տարածման պատճառով հայտարարված կարանտինի ավարտից հետո։
Ընդհանուր առմամբ նավը կլքի մոտ 500 մարդ։
Զբոսանավը, որում եղել է 3700 մարդ, ուղևորության էր մեկնել հունվարի վերջին՝ ճապոնական Յոկոհամա քաղաքից՝ Կագոսիմա-Հոնկոնգ-Օկինավա ուղերթով։ Այդ ընթացքում Հոնկոնգից 80-ամյա ուղևորի մոտ ի հայտ է բերվել թոքաբորբ, որի պատճառը եղել է նոր տեսակի կորոնավիրուսը։ Փետրվարի 3-ին թույլ չի տրվել, որ ուղևորությունից վերադարձած զբոսանավը մուտք գործի Յոկոհամայի նավահանգիստ։ Այն ենթարկվել է երկշաբաթյա կարանտինի։ Նավում հիվանդացել է ավելի քան 520 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






