Նախորդ տարվա հունվարի համեմատությամբ այս հունվարին ավելի քան 9 միլիոն ՀԴՄ կտրոն ավելի է տպվել. այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Ըստ նրա` տնտեսվարողների կողմից ՀԴՄ կտրոնների տրամադրման գործընթացը շարունակում է անշեղորեն աճել:
«Ոչ մի բան չպետք է մեզ գոհացնի: Եթե մենք լավ ենք աշխատում, արդյունքներ ունենք, այդ արդյունքները պետք է համարենք ոչ բավարար»,- ասաց Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով՝ հարկեր պատշաճ ծավալով հավաքելու համար անհրաժեշտ է երեք գործոն՝ տնտեսության աճ, հարկային քաղաքականության ոլորտում լավ գործիքակազմ, արդյունավետ հարկային վարչարարության իրականացում։
ՊԵԿ նախագահի փոխանցմամբ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2019-ին նվազեցրել է ստուգումների թիվը, սակայն հայտնաբերել և հավելյալ գանձման է առաջադրել մոտ 83 մլրդ դրամ:
«2019-ին իրականացրել ենք 1020 ստուգում, բայց 62 մլրդ է կազմել ակտերի ընդհանուր գումարը: Այդ ստուգումների ընթացքում նաև ներկայացվել են 20 մլրդ 850 մլն դրամի ճշտումներ: 2019-ին իրականացված 1020 ստուգմամբ 83 մլրդ դրամ հավելյալ գումար ենք գանձման առաջադրել»,-ասաց Անանյանը:
2018-ին իրականացվել էր ավելի շատ՝ թվով 1166 համալիր հարկային ստուգում: Սակայն արձանագրվել է 30 մլրդ բյուջե վճարման ենթակա հարկ: Ստուգման ընթացքում ներկայացվել է նաև 5.9 մլրդի ճշտված հաշվարկ:
Օրենքի համաձայն՝ հարկ վճարողները հնարավորություն ունեն ստուգման ընթացքում ներկայացնել ճշտված հաշվարկներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







