Շվեյցարիայի Ժնև քաղաքում նախաձեռնություն է սկսվել՝ փողոցը, հրապարակը, զբոսավայրը կամ մեկ այլ հանրային տարածք Շառլ Ազնավուրի անունով անվանակոչելու նպատակով։ Համապատասխան խնդրագիրը՝ Սինթիա Ուայթի անունից, ուղղված է Ժնևի Վարչական և Մունիցիպալ խորհուրդներին։
Նախաձեռնության հեղինակները հիշեցրել են աշխարհահռչակ շանսոնյեի մշակութային ժառանգության, Հայաստանի անունից նրա դիվանագիտական գործունեության և Ժնևի հետ ունեցած կապի մասին։
Խնդրագրում նշվում է, որ Ազնավուրը մի քանի տասնամյակ ապրել է Ժնևում, որը նրա համար եղել է ոչ միայն բնակության, այլև ստեղծագործական ներշնչանքի վայր։ Նա քաղաքին է նվիրել նաև «Inoubliable Genève» («Անմոռանալի Ժնև») երգը։
Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ Ազնավուրի անունով հանրային տարածքի անվանակոչումը հնարավորություն կտա հավերժացնելու նրա հիշատակը և արժևորելու մշակույթի, միջազգային երկխոսության ու մարդասիրության ոլորտներում ունեցած ավանդը։
Օգոստոսի 17-ին հրապարակված խնդրագիրը հավաքել է 175 ստորագրություն՝ նախատեսված 1000-ից։ Նախաձեռնողները դեռևս կոնկրետ փողոց կամ հրապարակ չեն առաջարկել՝ խնդրելով քաղաքային իշխանություններին քննարկել համապատասխան հանրային տարածքի անվանակոչման հնարավորությունը։
Հայ դիվանագետ Հասմիկ Տոլմաջյանը նոյեմբերի 22-ին աջակցել է նախաձեռնությանը։
«Քաղաքացիական հիանալի նախաձեռնություն է, որը ջերմորեն ողջունում եմ՝ Ժնևում Շառլ Ազնավուրին հարգանքի տուրք մատուցելու համար։ Դա քաղաք է, որը թանկ էր նրա համար»,- գրել է Տոլմաջյանը։
Շառլ Ազնավուրը 2009 թվականին նշանակվել էր Շվեյցարիայում Հայաստանի դեսպան և Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի ու միջազգային կազմակերպությունների մոտ ՀՀ մշտական ներկայացուցիչ։ 2009 թվականի հունիսի 26-ին նա հավատարմագրերը հանձնել էր ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրեն Սերգեյ Օրջոնիկիձեին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







