«Սյունիք» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի պաշտոնում առաջադրել է Դենիս Ջորկաեֆի թեկնածությունը։ Այս մասին Ջորկաեֆը հայտնել է սոցցանցի իր էջում։ Նա Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Յուրի Ջորկաեֆի եղբայրն է։
ՀՖՖ նախագահի ընտրությունները նախատեսված են դեկտեմբերի 21-ին։ Գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը, որը ֆեդերացիան ղեկավարում է 2019 թվականից, հայտարարել է, որ չի առաջադրվելու նոր ժամկետով։
Նախագահի պաշտոնի համար առաջադրվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը, որի թեկնածությունն առաջադրել է Գյումրիի «Շիրակ» ակումբը։ Ղազարյանի թեկնածությունն առաջարկել էին նաև Հայաստանի հավաքականի և մի շարք ակումբների երկրպագուների շարժումները։
ՀՖՖ-ի տվյալներով՝ նախագահի պաշտոնի համար ներկայացվել է երկու, իսկ Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնի համար՝ 29 թեկնածություն։ Ֆեդերացիայի ընտրական կոմիտեն պետք է ստուգի թեկնածուների համապատասխանությունը սահմանված պահանջներին, որից հետո կհրապարակի գրանցված թեկնածուների ցանկը։
Ջորկաեֆի առաջադրումը տեղի է ունեցել ՀՖՖ կանոնադրության փոփոխությունների շուրջ քննարկումների ֆոնին։ Ֆեդերացիայի արտահերթ ժողովում նոյեմբերի 4-ին ընդունվել են փոփոխություններ, որոնցով վերացվել են հայերենին տիրապետելու և Հայաստանում վերջին մեկ տարում մշտապես բնակվելու պահանջները։
Փոփոխությունների քննարկման ընթացքում «Արարատ-Արմենիա» ակումբը հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու դրանց։ Ակումբը հայերենի իմացության պահանջի վերացումն անընդունելի էր համարել և կասկած հայտնել փոփոխությունների նպատակների վերաբերյալ։
«Արարատ-Արմենիան» պնդել էր, որ ՀՖՖ նախագահի ընտրություններից առաջ կանոնադրությունը փորձ է արվում համապատասխանեցնել կոնկրետ թեկնածուի։ Ակումբը չէր նշել, թե ում նկատի ունի։
«Հրապարակ» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հոկտեմբերի 8-ին գրել էր, որ իշխանությունները ՀՖՖ նախագահի պաշտոնում դիտարկում են Դենիս Ջորկաեֆի թեկնածությունը։
Ջորկաեֆը հայտնել է, որ ավելի քան 30 տարի իր գործունեությունը կապված էր ֆուտբոլի հետ։ Նա ֆուտբոլիստ էր, ֆուտբոլային գործակալ, ակումբի նախագահ և մարզական տնօրեն, Ֆրանսիայում զբաղեցրել է Դեսին քաղաքաի փոխքաղաքապետի պաշտոնը, ինչպես նաև աշխատել է որպես ՀՖՖ նախագահի միջազգային հարցերով խորհրդական։
«Ես տեղափոխվում եմ Հայաստան՝ այստեղ ապրելու, աշխատելու և ձեզ հետ միասին մեր ֆուտբոլի ապագան կառուցելու համար։ Սովորում եմ հայերեն, ամեն օր ավելի մոտիկից ճանաչում հայրենիքս ու համոզվում՝ միասին շատ բան կարող ենք անել»,- գրել է նա։
Ջորկաեֆը հայտնել է նաև, որ ունի հայկական ֆուտբոլի զարգացման 2027–2031 թվականների ծրագիր, որը կներկայացնի առաջիկա օրերին։
«Որպես անկախ թեկնածու՝ ես ունեմ հայկական ֆուտբոլի զարգացման հստակ տեսլական և 2027–2031 թվականների ծրագիր, որը մանրամասն կներկայացնեմ առաջիկա օրերին»,- ավելացրել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







