Apple ընկերությունը հայտնել է իր ծառայությունների աշխատանքի վերականգնման մասին՝ նոյեմբերի 17-ին տեղի ունեցած լայնածավալ խափանումներից հետո, գրում է New York Post-ը՝ հղում անելով ընկերության ներկայացուցչին։
Խափանումներն ազդել են App Store-ի, iCloud-ի, Apple Pay-ի և Apple Support-ի աշխատանքի վրա։ Downdetector հարթակում օգտատերերը հազարավոր բողոքներ են ներկայացրել՝ հայտնելով, որ չեն կարողանում մուտք գործել իրենց հաշիվներ, ակտիվացնել նոր սարքեր կամ օգտվել արխիվային ծառայություններից։
Apple-ի ներկայացուցչի խոսքով՝ խափանումների պատճառը ընկերության ներքին համակարգերի թարմացումն է։
«Մեր համակարգերից շատերի աշխատանքը վերականգնվել է այն բանից հետո, երբ ներքին թարմացումն առավոտյան որոշ խափանումներ առաջացրեց։ Աշխատում ենք հնարավորինս արագ վերականգնել մնացած համակարգերի աշխատանքը»,- հայտնել է ընկերության ներկայացուցիչը։
Apple-ը նաև հերքել է, որ խափանումները կիբերհարձակման հետևանք են։
Bloomberg-ի տվյալներով՝ տեխնիկական խնդիրներն ազդել են Apple-ի խանութների աշխատանքի վրա ամբողջ աշխարհում՝ խոչընդոտելով վաճառքը, սարքերի վերանորոգումը և հաճախորդների սպասարկումը։ Աշխատակիցները մի քանի ժամ չեն կարողացել օգտվել ընկերության ներքին համակարգերից։
Խափանումների մասին բողոքներ են ստացվել ոչ միայն ԱՄՆ-ից, այլև Բրազիլիայից, Հունաստանից և Լատվիայից։
Ընկերությունը չի հստակեցրել բոլոր ծառայությունների աշխատանքի ամբողջական վերականգնման ժամկետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







