ԱՄՆ հանրապետական սենատոր Թոմ Թիլիսն արգելափակել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ալեքսանդր Օլդենի թեկնածության արագացված հաստատումը, հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)՝ ողջունելով սենատորի որոշումը։
Կազմակերպության նոյեմբերի 13-ի հայտարարության համաձայն՝ որոշման հետևանքով Օլդենի թեկնածությունը չի կարող հաստատվել նշանակումների ընդհանուր փաթեթով Կոնգրեսի ընթացիկ նստաշրջանի մնացած ժամանակահատվածում։ Թեկնածության քննարկումը կարող է տեղափոխվել Սենատի նոր կազմի աշխատանքների շրջան՝ 2027 թվականի հունվար։
Թիլիսը նոյեմբերի 12-ին Semafor-ի լրագրող Էլեոնոր Մյուլերին հայտնել էր, որ չի խոչընդոտի Օլդենի թեկնածության վերաբերյալ լսումների անցկացմանը, սակայն թույլ չի տա այն հաստատել նշանակումների ընդհանուր փաթեթով։
ANCA-ն սենատորի քայլը համարել է հնարավորություն՝ մինչև նշանակումը լրացուցիչ ուսումնասիրելու թեկնածուի գործունեությունն ու ֆինանսական կապերը։
Կազմակերպության մտահոգություններից մեկն Օլդենի կապն է ամերիկյան Palantir Technologies տեխնոլոգիական ընկերության հետ։
Օլդենի ֆինանսական հայտարարագրի համաձայն՝ նա 2021 թվականից ընկերության ավագ խորհրդականն է։ Նրան են պատկանում 5-25 մլն դոլար արժողությամբ սովորական բաժնետոմսեր, ինչպես նաև 1-5 մլն դոլարի դեռ չփոխանցված բաժնետոմսեր։
ANCA-ի գնահատմամբ՝ շահերի հնարավոր բախման վտանգ կա, քանի որ Palantir-ը մշակում է նաև ռազմական նշանակության արհեստական բանականության համակարգեր, իսկ ընկերության ներկայացուցիչները քննարկել են Ադրբեջանի հետ հնարավոր համագործակցությունը։
Օլդենը պարտավորվել է դեսպանի պաշտոնում հաստատվելուց հետո հեռանալ ընկերությունից և 90 օրվա ընթացքում վաճառել բաժնետոմսերը։ Սակայն ANCA-ն կարծում է, որ այդ ժամկետը չի վերացնում շահերի հնարավոր բախման վտանգը։
«Օլդենը չի կարող միաժամանակ ներկայացնել ԱՄՆ-ն Ադրբեջանում և ակնկալել անձնական շահույթ այդ երկրի ավտորիտար ռեժիմի նկատմամբ ամերիկյան քաղաքականությունից»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Կազմակերպությունը կոչ է արել սենատորներին լսումների ընթացքում պարզել՝ արդյոք Օլդենը պատրա՞ստ է աջակցել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակմանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ նրանց այցելելու հնարավորության վերականգնմանը։
ANCA-ն առաջարկել է քննարկել նաև Արցախում հայկական քրիստոնեական ժառանգության պաշտպանությունը, բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը, Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը և Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության սահմանափակումները։
Կազմակերպությունը ցանկանում է պարզել նաև Օլդենի դիրքորոշումն Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ հնարավոր պատժամիջոցների և Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։
Թիլիսը 2024 թվականի ապրիլին ևս երեք սենատորի հետ ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Էնթոնի Բլինքենին կոչ էր արել հայ ռազմագերիների և պահվող անձանց ազատ արձակումը դարձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղության համաձայնագրի պայման։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







