Ընդդիմադիր քաղաքական և հասարակական գործիչները իշխանություններին մեղադրել են կալանքը քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշման միջոց դարձնելու մեջ։ Ազգային ժողովում (ԱԺ) ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների թեմայով լսումների ժամանակ նրանք քննադատել են կալանքի կիրառման պրակտիկան և առաջարկել վերանայել օրենսդրական կարգավորումները, ուժեղացնել խորհրդարանական վերահսկողությունն ու ստեղծել միասնական իրավապաշտպան հարթակ։ Ուղիղի հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube ալիքում։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտնել է, որ քրեակատարողական հիմնարկներում պահվում է 3276 մարդ, որոնցից 1552-ը կալանավորվածներ են։ Նրա ներկայացրած տվյալներով՝ դատարանները բավարարում են կալանավորման միջնորդությունների 61%-ը։
Գալստյանը պնդել է, որ կալանքը քաղաքական ընդդիմախոսներին պատժելու միջոց է դարձել։ Նա նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և «Մայր Հայաստան» Անդրանիկ Թևանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները որակել է քաղաքական հաշվեհարդար։ Պատգամավորը քննադատել է նաև Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումները։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարել է, որ Հայաստանում ազատությունից զրկված անձանց շուրջ 48%-ը կալանավորվածներ են, իսկ վերջին երեք ամսում նրանց թիվն ավելացել է ավելի քան 100-ով։ Նրա խոսքով՝ դատարանները հաճախ բավարարում են կալանավորման միջնորդությունները՝ առանց հիմնավորելու, թե ինչու այլընտրանքային խափանման միջոցները բավարար չեն։
Չալաբյանն առաջարկել է ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի սահմանադրականությունը։ Նա նաև կոչ է արել օրենսդրական նախաձեռնությամբ հստակեցնել կալանքի կիրառման չափանիշները։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանն առաջարկել է խորհրդարանական վերահսկողության առարկա դարձնել Ստեփանավանի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները, ուսումնասիրել կալանքի կիրառման հիմնավորվածությունն ու քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության տրամադրումը։
Մելոյանը պնդել է, որ Գևորգյանին պատշաճ բժշկական օգնություն չի տրամադրվել։ Նա առաջարկել է ուսումնասիրել նաև քաղաքական դրդապատճառներով ազատազրկված համարվող անձանց պահման պայմանները։
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քննադատել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պայմանները՝ անդրադառնալով խցերի վիճակին, օդափոխության, ջեռուցման և սանիտարական խնդիրներին։ Հղում անելով միջազգային կառույցների զեկույցներին՝ նա բարձրացրել է հիմնարկի փակման հարցը։
Զոհրաբյանը հայտարարել է, որ Եվրոպայի խորհրդի՝ 2025 թվականի հունվարի 31-ի տվյալներով՝ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց 52%-ը նախնական կալանքի տակ է եղել։ Նա նաև հայտնել է, որ 2025 թվականին ՔԿՀ-ներում արձանագրվել է մահվան 24 դեպք, որոնցից ութը՝ ինքնասպանություն։
ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանն առաջարկել է ստեղծել միասնական իրավապաշտպան հարթակ՝ իրավապաշտպան կազմակերպությունների, փաստաբանների, իրավաբանների, հասարակական և քաղաքական գործիչների մասնակցությամբ՝ անկախ նրանց քաղաքական պատկանելիությունից։
Նա կոչ է արել լսումների կազմակերպիչներին համակարգել նախաձեռնության իրականացումը և ներկայացնել հարթակի ձևավորման կոնկրետ տարբերակ։
Լսումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կալանավորման հետևանքներին ազատությունից զրկված անձանց ընտանիքների համար։
Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարանի (IODA) գործադիր խորհրդի անդամ Սառա Լիա Ուիթսոնը նույն լսումների ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում դատավորների նկատմամբ ճնշումներ են գործադրվում՝ կալանավորման միջնորդությունները բավարարելու և մինչև դատավճիռը գույքի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու նպատակով։ Նրա խոսքով՝ դիտարանի ուսումնասիրած գործերում դատարանները պարբերաբար ընդունել են դատախազների ներկայացրած միանման հիմնավորումները՝ առանց յուրաքանչյուր գործի հանգամանքներն առանձին գնահատելու։
Դիտարանն իշխանություններին կոչ է արել կալանքը կիրառել միայն որպես ծայրահեղ միջոց և դադարեցնել գործադիր իշխանության ճնշումները դատական համակարգի նկատմամբ։
Քոչարյանի, Կարապետյանի և Ծառուկյանի նկատմամբ քրեական գործեր են հարուցված։ Կարապետյանին դատարանը 2026 թվականի նոյեմբերին ՀԷՑ-ին առնչվող նոր քրեական գործով մեկ ամսով կալանավորել էր։ Քննչական կոմիտեն հոկտեմբերի 2-ին հայտնել էր Ծառուկյանի և ևս ութ անձի գործով նախաքննության ավարտի մասին։ Քաղաքական գործիչները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։
Գևորգյանը մահացել էր նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Նրա փաստաբանները պնդել էին, որ Գևորգյանին պատշաճ բժշկական օգնություն չէր տրամադրվել։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հերքել էր քաղաքական հետապնդումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







