Կոտայքի մարզում նոյեմբերի 12-ին ոստիկանները կանգնեցրել են գործարար, «88» սուպերմարկետների ցանցի սեփականտեր Նարեկ Նալբանդյանի և նրան ուղեկցող անձանց երկու ավտոմեքենա՝ Range Rover և Mercedes-Benz G-Class, գրել է «Մեգանյուզը»։
ԶԼՄ-ի տվյալներով՝ մեքենաներից մեկում մարտական ատրճանակ է հայտնաբերվել, որը, ըստ կայքի, պատկանում է Նալբանդյանին։ Լրատվամիջոցի տվյալներով՝ զենքը Նալբանդյանին որպես պարգև տրվել էր Արցախի նախագահներից մեկի կողմից։
Shamshyan.com-ը ավելի ուշ հայտնել է, որ Նալբանդյանի Range Rover և նրան ուղեկցող Mercedes-Benz G-Class մակնիշների ավտոմեքենաները տեղափոխել են Աբովյանում գտնվող ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Shamshyan.com-ը գրել է, որ Նալբանդյանին և նրան ուղեկցողներին բերման են ենթարկել, այնուհետ ազատ արձակել։
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը «Մեգանյուզին» պարզաբանել է, որ պարեկները մեքենաները կանգնեցրել են ուղեկցումով երթևեկելու պատճառով։ Խոսնակը հաստատել է, որ մեքենաներից մեկում մարտական ատրճանակ է հայտնաբերվել, որի օրինականությունը ստուգվել է ոստիկանության Կոտայքի բաժնում։
Shamshyan.com-ի տվյալներով՝ դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 3-ին հայտարարել էր, որ իրավապահներին հանձնարարել է ստուգել իր ընտանիքի հետ Նալբանդյանի հնարավոր կապերի մասին հրապարակումները և անհրաժեշտության դեպքում քրեական վարույթներ նախաձեռնել։ Փաշինյանը նաև ասել էր, որ Նալբանդյանն իրեն և իր ընտանիքին «նյարդայնացնում է արդեն տանելիության բոլոր սահմաններից դուրս»։
Նույն օրը Նալբանդյանը հերքել էր վարչապետի ընտանիքի հետ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր ունենալու մասին տեղեկությունները՝ հայտարարելով, որ իր բիզնեսը որևէ քաղաքական ընտանիքի հետ կապ չունի։
Հոկտեմբերի 27-ին հայտնի էր դարձել, որ Նալբանդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է նախաձեռնվել առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեության կասկածով։ Նույն վարույթով քրեական հետապնդում էր նախաձեռնվել նաև «Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանի նկատմամբ՝ հակամրցակցային գործունեության և առանձնապես խոշոր չափերով շորթման կասկածներով։
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը նոյեմբերի 3-ին հայտարարել էր, որ Նալբանդյանին առնչվող վարույթներից մեկով նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել։ Պողոսյանը հայտնել էր նաև այլ քրեական վարույթների մասին, որոնց շրջանակում քննչական գործողություններ են իրականացվում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







