Հունգարիայի իրավապահները նախկին ազգային զարգացման նախարար Միկլոշ Շեստակի կոռուպցիոն գործի քննության շրջանակում անտառում և տարբեր շինություններում թաքցված մոտ 18 մլն եվրոյին համարժեք կանխիկ գումար են հայտնաբերել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Հունգարիայի ակտիվների վերադարձի և պաշտպանության վարչությանը (NVVH)։
Գերատեսչության տվյալներով՝ գումարի մի մասը թաղված էր անտառում, մյուս մասը՝ թաքցված գյուղատնտեսական և պահեստային շինություններում, բնակելի անշարժ գույքում, ինչպես նաև մեկուսի վայրում տեղադրված չհրկիզվող պահարանում։
Երկու օրվա ընթացքում քննիչները հայտնաբերել են ավելի քան 5 մլրդ ֆորինտ (մոտ 13,8 մլն եվրո), շուրջ 2,7 մլն եվրո և 1,3 մլն դոլար։ Հայտնաբերված ամբողջ գումարը փոխանցվել է Հունգարիայի պետական գանձապետարան։
Շեստակը կասկածվում է կաշառք ստանալու մեջ։ Նրան ձերբակալել էին սեպտեմբերի 28-ին՝ խորհրդարանի կողմից պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելուց հետո։
Հոկտեմբերի վերջին դատարանը երեք ամսով երկարաձգել էր նախկին նախարարի կալանքի ժամկետը։
Նույն ժամանակահատվածում Գլխավոր դատախազության պահանջով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել էին նաև նախկին նախարար Բալաժ Հանկոն և Հունգարիայի գործող վարչապետ Պետեր Մադյարը։ Վերջինս կասկածվում է բջջային հեռախոս գողանալու մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







