Հնդկաստանի իշխանությունները Դելիի և հարակից բնակավայրերի դպրոցներին հանձնարարել են աշակերտներին առցանց սովորելու հնարավորություն տալ, իսկ բնակիչներին խորհուրդ են տվել աշխատել տնից՝ օդի աղտոտվածության աճի պատճառով, հայտնում է Reuters-ը։
Շվեյցարական IQAir-ի վարկանիշում Դելին աղտոտվածության ցուցանիշով աշխարհի խոշոր քաղաքների շարքում առաջին տեղում էր նոյեմբերի 7-ի առավոտյան՝ ժամը 10:35-ի դրությամբ։ ԱՄՆ սանդղակով հաշվարկվող օդի որակի ինդեքսը հասել է 581-ի՝ մոտ երկու անգամ գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Պակիստանի Լահոր քաղաքի ցուցանիշը՝ 285-ը։ ԱՄՆ սանդղակում 300-ից բարձր արժեքները համարվում են «վտանգավոր»։
Հնդկաստանի աղտոտվածության վերահսկման կենտրոնական խորհրդի տվյալներով՝ նույն առավոտյան ժամը 10:00-ին Դելիի ցուցանիշը կազմել է 363, ինչը համապատասխանում է «շատ վատ» մակարդակին։ IQAir-ն ու հնդկական ծառայությունն օգտագործում են տարբեր սանդղակներ և հաշվարկման մեթոդներ, հետևաբար թվերն ուղղակիորեն համեմատելի չեն։ Դելիի օդի որակը նոյեմբերի 6-ին Դիվալիից առաջ վերջին ութ տարվա ամենավատն էր, հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով պաշտոնական տվյալներին։
Լույսի հինդուական տոնը՝ Դիվալին, նշվում է նոյեմբերի 8-ին, սովորաբար հրավառությունների լայն կիրառմամբ, ինչը կարող է ավելի վատթարացնել օդի որակը։ Հնդկաստանի հյուսիսում աղտոտվածությունը ձմռան սկզբին ամեն տարի աճում է։ Սառը օդում կուտակվում են մեքենաների արտանետումները, շինարարական փոշին և գյուղատնտեսական մնացորդների այրումից առաջացած ծուխը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







