Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում՝ Գլխավոր շուկայական հրապարակում, կրակոցների հետևանքով վեց մարդ է զոհվել, ևս 15-ը վիրավորվել է, հայտնել է Կրակովի ոստիկանությունը։ Հարձակվողը ավտոմեքենայից կրակել է պատահական անցորդների վրա, ոստիկանները նրան վիրավորել և ձերբակալել են։
Վիրավորների թվում են երկու ոստիկան, նրանցից մեկը ծանր վիճակում է։ Ոստիկանության խոսնակ Կատաժինա Չիսլոյի խոսքով՝ հարձակվողը հագել էր ռազմական տիպի քողարկման համազգեստ և օգտագործել էր ռազմական տիպի երկարափող զենք, իսկ նրա մեքենայում գտել են նաև այլ զենք ու զինամթերք։ Ոստիկանությունը հայտնել է, որ նա գործել է մենակ և Լեհաստանի քաղաքացի է։ Շարժառիթը չի նշվում, քննությունը շարունակվում է։
Կրակոցների մասին առաջին ահազանգերը ստացվել են ժամը 15:00-ի սահմաններում Գլխավոր հրապարակից՝ Կրակովի գլխավոր զբոսաշրջային վայրերից մեկից։ Կրակովը Լեհաստանի երկրորդ խոշոր քաղաքն է։
Ըստ քաղաքային տրանսպորտի ընկերության՝ տրամվայի վարորդը հայտնել է, որ հրապարակի մոտակայքում անցնող մեքենայից կրակել են իր խցիկի ուղղությամբ։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ոստիկանությունը հետաքննում է դեպքը, և մեկնել է Կրակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







