Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում հակակառավարական ցույց է մեկնարկել, որի մասնակիցները պահանջում են պահպանել երկրի չեզոք կարգավիճակը և դեմ են ՆԱՏՕ-ի հետ մերձեցմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր թղթակցին։
Ցույցը մեկնարկել է նոյեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 13։00-ին, Ավստրիայի կանցլերի գրասենյակի մոտ։ Կազմակերպիչների ելույթներից հետո մասնակիցները նախատեսում են երթ անցկացնել Վիեննայի կենտրոնական շրջանում։
Ցուցարարների գլխավոր պաստառին գրված է՝ «Այո՛ չեզոքությանը և խաղաղությանը, ո՛չ ՆԱՏՕ-ին»։ Մասնակիցները նաև հանդես են եկել նոր ընտրություններ անցկացնելու կոչերով։ Որոշ պաստառներով նրանք քննադատել են Եվրամիության քաղաքականությունը և պահանջել հաշվի առնել Ռուսաստանի անվտանգության շահերը։
Ցույցի կազմակերպիչներից մեկը քննադատել է Ավստրիայի գործող կառավարությանը՝ հայտարարելով, որ իշխանությունները շարունակում են իրենց քաղաքականությունը՝ չնայած, ըստ նրա, հարցումների համաձայն բնակչության մեծամասնության աջակցությունը չունենալուն։
Ցույցի մասնակիցներից մեկը քննադատել է կառավարության տրանսպորտային և հարկային քաղաքականությունը՝ դժգոհելով աշխատանքի մեկնելու բարձր ծախսերից։
Նրա խոսքով՝ բենզինի մեկ լիտրի 1,88 եվրո գնի պայմաններում ամսական ավելի քան 347 եվրո է ծախսում վառելիքի, ևս 88 եվրո՝ կայանատեղիի համար։ Նա նաև մտահոգություն է հայտնել հասարակական տրանսպորտի անվտանգության վերաբերյալ՝ հատկապես երեկոյան ժամերին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







