Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն Արցախի Հանրապետության իշխանությունների անունից ողջունել է Հայաստանի քաղաքական ուժերի՝ համազգային միավորման ձևավորման նախաձեռնությունը՝ միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ Արցախի իշխանությունները ներգրավված չէին դրա քննարկմանն ու ձևավորմանը։
Իսկանդարյանի խոսքով՝ Արցախի հարցը, արցախցիների իրավունքների պաշտպանությունն ու բռնի տեղահանված ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը Հայաստանի ազգային օրակարգի անբաժանելի բաղադրիչներն են և չեն կարող դուրս մնալ համազգային նշանակության որևէ գործընթացից։
«Համազգային միավորումը չի կարող ամբողջական լինել, եթե դրա ձևավորման և գործունեության շրջանակում տեղ չի գտնվել Արցախի ներկայացվածության ու ձայնի համար։ Արցախի հարցը միայն արցախահայության հարցը չէ․ այն հայ ժողովրդի հավաքական պատասխանատվության և ազգային օրակարգի հարցն է»,- նշել է Իսկանդարյանը։
Նա հույս է հայտնել, որ հետագա գործընթացներում այս բացը կշտկվի, և Արցախի Հանրապետության իշխանությունները ևս հնարավորություն կունենան մասնակցելու համազգային առաջնահերթությունների շուրջ ձևավորվող համագործակցությանը և իրենց ներդրումն ունենալու դրանում։
Իսկանդարյանը նաև ընդգծել է, որ հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են համախմբում, քաղաքական պատասխանատվություն և միասնական օրակարգի շուրջ կառուցողական համագործակցություն։
Նրա համոզմամբ՝ ազգային ինքնության, պետականության, անվտանգության, արժանապատվության և իրավունքների պաշտպանության հարցերը չեն կարող ունենալ մասնակի կամ տարանջատված լուծումներ։
Հայաստանի մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր նոյեմբերի 4-ին հայտարարել էին համազգային համախմբման ձևավորման մասին։ Նախաձեռնությանը միացած ուժերը որպես առաջնահերթություններ առանձնացրել էին Ադրբեջանի կողմից Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջի մերժումը, խաղաղությունն առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների, ազգային ինքնության և Հայ առաքելական եկեղեցու պաշտպանությունը, ինչպես նաև ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնումը։© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







