Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Մոսկվա ժամանող ամերիկացի բանակցողների հետ հաջորդ շաբաթվա առաջին կեսին, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ Կրեմլը կոնկրետ ամսաթիվը կհայտարարի ավելի ուշ․ «Օրը կհայտարարենք իր ժամանակին: Բայց դա, ակնհայտորեն, շաբաթվա առաջին կեսն է»։
Նոյեմբերի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը բանակցությունների նպատակով կգործուղվի Մոսկվա։ Նա նշել էր, որ սկզբնական 28 կետանոց ծրագիրը լրամշակվել է, և մնացել է միայն մի քանի կետ, որոնց վերաբերյալ կան անհամաձայնություններ։
Վաշինգտոնն առաջարկել էր ուկրաինական կարգավորման 28 կետից բաղկացած ծրագիր, որը նախատեսում է Ռուսաստանի կողմից ուկրաինական որոշակի տարածքների ճանաչում, ուկրաինական բանակի նկատմամբ սահմանափակումներ, մի քանի գոտու ապառազմականացում և Կիևի կողմից օտարերկրյա զորքերի տեղակայումից հրաժարում: Որոշ կետեր վերաբերում են ռուսաց լեզվի պաշտոնական կարգավիճակին և ուկրաինական ուղղափառ եկեղեցուն: Փաստաթուղթը նաև անվտանգության երաշխիքներ է տրամադրում Ուկրաինային:

























