Գազայի հատվածում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 23 պաղեստինցի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ալ Հադաթ» հեռուստաալիքին։
Իր հերթին՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը մոտ «Քուդս» լրատվական գործակալությունը պնդում է, որ վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ, նույնպես տեղափոխվել են հիվանդանոցներ, սակայն ճշգրիտ թիվը չի նշվում։ Օդային հարվածները թիրախավորել են Գազայի կենտրոնական և հյուսիսային հատվածները։ Գործակալությունը նաև հայտնել է, որ ռմբակոծվել են բնակելի տներ և քաղաքացիական մեքենա։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում սպանել են ՀԱՄԱՍ-ի հինգ բարձրաստիճան պաշտոնյայի՝ ի պատասխան հրադադարի խախտման։
Նեթանյահուի խոսքով՝ «հրադադարի ամբողջ ընթացքում ՀԱՄԱՍ-ի տասնյակ ահաբեկիչներ հատել են Իսրայելի սահմանները՝ իսրայելական զորքերի վրա հարձակվելու համար»։
ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև զինադադարն ուժի մեջ էր մտել հոկտեմբերի 10-ից։ Համաձայնագրի շրջանակներում շարժման ներկայացուցիչներն Իսրայելին էին փոխանցել 20 պատանդի, որոնք պահվում էին Գազայի հատվածում: ՀԱՄԱՍ-ը նաև պարտավորվել էր հանձնել բոլոր զոհվածների աճյունները:
Իր հերթին՝ Իսրայելը բանտերից ազատ էր արձակել շուրջ 2000 բանտարկյալի՝ ինչպես նախկինում ահաբեկչության համար դատապարտված, այնպես էլ ռազմական գործողությունների ժամանակ ձերբակալված և առանց դատավարության բանտերում պահվող, ինչպես նաև հանձնել էր 360 պաղեստինցի զինվորականի մարմին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







