Գազայի բնակիչները և իսրայելցի պատանդների հարազատները ողջունել են Իսրայելի և ՀԱՄԱՍ խմբավորման միջև ձեռք բերված համաձայնությունը հրադադարի և գերիների փոխանակման վերաբերյալ, հայտնում է BBC-ն:
«Մեծ ուրախություն է, անհամբեր սպասում ենք բոլորին»,- ասել է իսրայելցի Էլի Շարաբին, ում կինը և երեխաները զոհվել են:
Գազայում համաձայնության հայտարարությունից հետո սկսվել են տոնական միջոցառումներ։
«Ես միակ մարդը չեմ, ով ուրախ է, ամբողջ Գազայի հատվածն ուրախ է, ամբողջ աշխարհն ուրախ է հրադադարի և արյունահեղության ավարտի համար»,- ասել է պաղեստինցիներից մեկը:
Աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ ևս ողջունել են համաձայնությունը՝ կողմերին կոչ անելով հարգել զինադադարը:
Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերն ասել է, որ Գազայի քաղաքացիական բնակչությունն ու Իսրայելի գերիների ընտանիքները վերջին երկու տարիների ընթացքում աններելի տառապանքներ են կրել:
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզն այս համաձայնագիրը բնութագրել է որպես «անհրաժեշտ քայլ խաղաղության ուղղությամբ» և կողմերին կոչ արել «հարգել պայմանները»։
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 9-ին համաձայնության են եկել խաղաղության ծրագրի առաջին փուլի շուրջ: Համաձայնագրի շրջանակներում ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել բոլոր պատանդներին, Իսրայելն, իր հերթին, պարտավորվել է զորքերը դուրս բերել համաձայնեցված գծեր։ Ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պատանդները, ենթադրվում է, ազատ կարձակվեն հաջորդ երկուշաբթի։




































