ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել Գազայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած խաղաղության ծրագրին, որով նախատեսվում է միջազգային կայունացման ուժեր ստեղծել, հայտնել է DW-ն:
ԱԽ 15 անդամից 13-ը նոյեմբերի 17-ին քվեարկել էր Վաշինգտոնի առաջարկի օգտին: Ռուսաստանն ու Չինաստանը ձեռնպահ էին մնացել։
Ծրագիրը նախատեսում է ոլորտում կայունացման համար միջազգային ուժերի ստեղծում և ՀԱՄԱՍ շարժման զինաթափում: Բացի այդ, ենթադրվում է Պաղեստինի անցումային վարչակազմի ստեղծում:
Քվեարկությունից առաջ Իսրայելը քննադատություն էր հնչեցրել բանաձևում «պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման և պաղեստինյան պետության ստեղծման հուսալի ուղու» հիշատակման կապակցությամբ:
ՀԱՄԱՍ-ը նույնպես քննադատել է բանաձևը՝ հայտարարելով, որ Գազայի հատվածում միջազգային ուժերի առջև դրված խնդիրները և գործառույթները, ներառյալ՝ զինաթափումը, զրկում են նրանց չեզոքությունից և վերածում հակամարտության կողմի:
ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև զինադադարն ուժի մեջ էր մտել հոկտեմբերի 10-ից։ Համաձայնագրի շրջանակներում շարժման ներկայացուցիչներն Իսրայելին էին փոխանցել 20 պատանդի, որոնք պահվում էին Գազայի հատվածում: ՀԱՄԱՍ-ը նաև պարտավորվել էր հանձնել բոլոր զոհվածների աճյունները, սակայն ութ մարմին մինչ օրս գտնվում է Գազայում:
Իր հերթին՝ Իսրայելը բանտերից ազատ էր արձակել շուրջ 2000 բանտարկյալի՝ ինչպես նախկինում ահաբեկչության համար դատապարտված, այնպես էլ ռազմական գործողությունների ժամանակ ձերբակալված և առանց դատավարության բանտերում պահվող, ինչպես նաև հանձնել էր 360 պաղեստինցի զինվորականի մարմին:





































