Թեհրանը կվերականգնի ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների հետևանքով ավերված միջուկային օբյեկտները, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Շենքերի և գործարանների ոչնչացումը մեզ համար խնդիր չեն լինի. մենք դրանք կվերականգնենք և կդարձնենք ավելի հզոր»,- ասել է Իրանի նախագահը՝ հավելելով, որ երկրի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի։
Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին հայտնել է, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը Միացյալ Նահանգներից հաղորդագրություն է ստացել, որով առաջարկվում է վերսկսել իրանական միջուկային հարցի շուրջ բանակցությունները:
«Այդ հաղորդագրությունների բնույթի մասին կտեղեկացնեմ համապատասխան պահին»,- նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ Թեհրանն ու Վաշինգտոնը մոտ էին միջուկային համաձայնագրին, բայց Իսրայելին հաջողվել էր համոզել ԱՄՆ-ին հարձակվել Իրանի վրա։
2025 թվականին Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային հարցի շուրջ հինգ փուլ բանակցություններն ավարտվել էին առանց արդյունքի՝ Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության դեմ իրականացվող ռազմական գործողությունների և ամերիկյան զինված ուժերի հարվածների ֆոնին։ Սեպտեմբերի 23-ին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել էր, որ Վաշինգտոնի հետ երկխոսությունը «չի բխում երկրի ազգային շահերից», քանի որ ամերիկյան կողմը բանակցություններ չի վարում, այլ թելադրում է սեփական պայմանները։






































