ԱՄՆ Ֆլորիդա նահանգի նահանգապետ, հանրապետական Ռոն ԴեՍանտիսը և դեմոկրատ, Մերիլենդի նախկին կոնգրեսական Դեյվիդ Թրոնը կոչ են արել սահմանափակել Կոնգրեսի անդամների պաշտոնավարման ժամկետը, որպեսզի այն չվերածվի «ծերանոցի», հայտնում է The New York Times-ը։
«Ժամանակն է ժամանակային սահմանափակումներ մտցնել Կոնգրեսի անդամների համար։ Այդ ոգով մենք երկուսս՝ մեկը հանրապետական, մյուսը՝ դեմոկրատ, համանախագահելու ենք U.S. Term Limits-ի ազգային արշավը, որն ուղղված է Կապիտոլիումում պատասխանատվության, մրցակցության և առողջ բանականության վերականգնմանը»,- նշվում է հոդվածում։
ԴեՍանտիսը և Թրոնը նշել են, որ Կոնգրեսի անդամներն անընդհատ վերընտրվում են, ինչը խոչընդոտում է նոր քաղաքական գործիչներին թարմ գաղափարներով մտնել օրենսդիր մարմին։ Հանրապետականը և դեմոկրատն առաջարկել են ժամկետային սահմանափակումներ մտցնելու երկու ուղի՝ կա՛մ Կոնգրեսի, կա՛մ նահանգների կողմից։ ԴեՍանտիսը և Թրոնը կարծում են, որ ոչ մի ճանապարհ հեշտ չի լինի, բայց դա անհրաժեշտ քայլ է բաժանված հասարակությանը միավորելու համար։
NBC-ն հունվարին հայտնել էր, որ Կոնգրեսի անդամների միջին տարիքը 58,9 տարեկան է։ 25 տարեկանից փոքր անձինք չեն կարող առաջադրվել Ներկայացուցիչների պալատում, իսկ 30 տարեկանից փոքր անձինք՝ Սենատում։ Ներկայիս, 119-րդ Կոնգրեսում ընտրված անդամների միջին ծառայության ժամկետը կազմել է 8,6 տարի Ներկայացուցիչների պալատում և 11,2 տարի՝ Սենատում։ Ներկայիս Կոնգրեսում ամենաերկար պաշտոնավարումը 44 տարի է, որն զբաղեցրել է երեք անդամ։ Եվ սա ռեկորդ չէ. կային անդամներ, որոնք ծառայել են 45-48 տարեկան։
Հոդվածի հեղինակները նշել են, որ ներկայիս կառավարության փակման (շաթդաուն) քաղաքականությունը ֆինանսավորման անհամաձայնությունների պատճառով, արտացոլում է ավելի խորը խնդիր, քան կուսակցական բաժանումները։
Հոկտեմբերի 20-ին Կոնգրեսը վերջին շաբաթների ընթացքում տասնմեկերորդ անգամ մերժել էր հանրապետականների կողմից առաջարկված դաշնային կառավարության ֆինանսավորման օրինագիծը՝ երկարաձգելով հոկտեմբերի 1-ին սկսված փակումը։




































