Իտալիայի ավելի քան 75 քաղաքում գործադուլ է սկսվել՝ ի աջակցություն Գազայի հատվածի բնակիչների, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Նշվում է, որ Իտալիայի Confsai, Cisle և Conalpe արհմիությունները հայտարարել են ուսուցիչների, դասախոսների, ուսանողների գործադուլների մասին։ Հռոմում բողոքի ցույցերին միացել են նաև տաքսու վարորդները, երկաթուղային, մետրոյի և ցամաքային տրանսպորտի աշխատակիցներ։
Մոտ 20 000 ցուցարար հավաքվել է Հռոմի կենտրոնում գտնվող Պիացցա դեի Չինկեչենտո հրապարակում։ Ոստիկանության հրահանգով մայրաքաղաքի մետրոյի Տերմինի կայարանը փակ է։ Առանձին հատվածներում ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել։
Ավելի վաղ Կանադան, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան հայտարարել էին Պաղեստին պետության ճանաչման մասին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սեպտեմբերի 8-ին հայտարարել էր, որ Իսրայելը լայնածավալ ցամաքային գործողություն է սկսելու: Նեթանյահուն կոչ էր արել լքել Գազան, այնուհետև մեկնարկել էր ցամաքային հարձակումը Գազա քաղաքի խորքերը:




































