ԱՄՆ-ն կրկին վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, որը պահանջում էր Գազայում հրադադար, պատանդների ազատ արձակում և մարդասիրական օգնության սահմանափակումների չեղարկում, հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ նախագծին դեմ է քվեարկել միայն ԱՄՆ-ն։ Մնացած 14 անդամները կողմ են հանդես եկել։
Փաստաթուղթը պատրաստել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 10 ոչ մշտական անդամները, որոնք նախկինում փորձել էին դադարեցնել հակամարտությունը Գազայում՝ Անվտանգության խորհրդի միջոցով։ 10 ոչ մշտական անդամների վերջին երկու բանաձևերի նախագծերի վրա, որոնք պարունակում էին մոտավորապես նույն պահանջները՝ հրադադար և պատանդների ազատ արձակում, վետո էին դրվել ԱՄՆ-ի կողմից։
Ներկայիս փաստաթղթով Անվտանգության խորհուրդը կրկին փորձել է պահանջել «անհապաղ, անվերապահ և մշտական» հրադադար Գազայում, ինչպես նաև պատանդների ազատ արձակում։
Ավելին, Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամները բանաձևի նախագծում նաև պահանջել են, որ Իսրայելի իշխանություններն «անհապաղ և անվերապահորեն» վերացնեն Գազա մարդասիրական օգնության մատակարարման բոլոր սահմանափակումները։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն սեպտեմբերի 8-ին հայտարարել էր, որ Իսրայելը լայնածավալ ցամաքային գործողություն է սկսում: Նեթանյահուն կոչ էր արել լքել Գազան: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Գազայի ավելի քան 450 000 բնակիչ լքել էր քաղաքն Իսրայելի խոշոր հարձակման նախօրեին։






































