Յուտայի բնակիչ Թայլեր Ջեյմս Ռոբինսոնին մեղադրանք է առաջադրվել ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության, արդարադատությանը խոչընդոտելու և զենքի անօրինական պահման մեջ, հաղորդում է Washington Post-ը՝ հղում անելով Յուտայի շրջանային բանտի գրառումներին, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Նշվում է, որ 22-ամյա Ռոբինսոնը գործել է մենակ։ Նախկինում նա խոստովանել էր կատարած հանցագործությունն իր ազգականին, որն էլ ոստիկանությանը հայտնել էր այդ մասին։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Յուտայի նահանգապետը, իրավապահ մարմինները կասկածյալից առգրավել են որսորդական հրացան՝ հեռադիտակային նշանոցով, իսկ հանցագործության վայրից փամփուշտների վրա հայտնաբերվել են գրություններ, այդ թվում՝ վիրավորական բովանդակությամբ։
Ամերիկացի աջակողմյան ակտիվիստ և պահպանողական մեկնաբան Չարլի Քըրքն սպանվել էր Յուտայի համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։ 31-ամյա Քըրքն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազդեցիկ դաշնակիցն էր և Turning Point USA-ի համահիմնադիրը, որը երկրի ամենամեծ պահպանողական երիտասարդական կազմակերպությունն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







