ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղեկացել է ուկրաինական կարգավորման հետ կապված նոր մանրամասների մասին։ Ամերիկացի առաջնորդը դրանք հետաքրքիր է անվանել։
«Իմացել եմ նոր ասպեկտներ, որոնք կարող են շատ հետաքրքիր լինել։ Կարծում եմ՝ մի քանի օրից դուք նույնպես կիմանաք»,- ասել է նա Սպիտակ տանը։
ԱՄՆ նախագահը նշել է, որ ուշադիր հետևում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև հնարավոր հանդիպման հեռանկարներին։ Թրամփը հավելել է, որ առայժմ անհրաժեշտ է սպասել և տեսնել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։
Օգոստոսի 27-ին Թրամփը հայտարարել էր, որ կարող է լուրջ մաքսատուրքեր սահմանել և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի նկատմամբ, որպեսզի նրանց դրդի լուծել ուկրաինական ճգնաժամը։ Պուտինն ու Թրամփն օգոստոսի 15-ին Ալյասկայում շուրջ 3 ժամ բանակցություններից հետո հայտարարել էին, որ որոշ հարցերում առաջընթաց է գրանցվել։





































