Անկարայում տեղի ունեցած բանակցություններից հետո Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարներ Յաշար Գյուլերը և Մուրհաֆ Աբու Քասրան ստորագրել են զորավարժությունների և խորհրդատվության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր (MoU), հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հարևան երկրները ամիսներ շարունակ բանակցություններ էին վարում համապարփակ ռազմական համագործակցության մասին համաձայնագրի շուրջ:
Ըստ հրապարակումների՝ Անկարան խոստացել է շարունակել աջակցել Սիրիայի քաղաքական միասնությանը և տարածքային ամբողջականությանը՝ Դամասկոսի խնդրանքով տրամադրելով խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն:
Փետրվարին ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Դամասկոսն ու Անկարան քննարկում են համատեղ պաշտպանական դաշնագրի կնքումը, որի շրջանակներում Թուրքիան կարող է ավիաբազաներ տեղակայել Սիրիայում, օգտագործել սիրիական օդային տարածքը ռազմական նպատակներով և առաջատար դեր ստանձնել սիրիական նոր բանակի պատրաստման գործում:
Օգոստոսի 2-ից պաշտոնապես մեկնարկել էր Թուրքիայով ադրբեջանական գազի մատակարարումը Սիրիա:





































