Չինաստանը նոր կորոնավիրուսով վարակվածների ավելի քան 19 տոկոսն արդեն ապաքինվել է, մահացել է հիվանդների 2,7 տոկոսը, մյուսները գտնվում են բժիշկների հսկողության տակ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում ՉԺՀ-ի հիգիենայի և առողջապահության հարցերով տարածաշրջանային կոմիտեների հրապարակած տվյալները։ Միևնույն ժամանակ, ինչպես հետևում է կենտրոնական իշխանությունների հրապարակած վիճակագրությունից, վարակվածների մոտ 15 տոկոսը գտնվում է ծանր, ևս 3,2 տոկոսը՝ կրիտիկական վիճակում:
«Վիրուսի տարածման միտումն աստիճանաբար դրական փոփոխությունների է ենթարկվում,-մամուլի ասուլիսում նշել է ՉԺՀ-ի հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը: Հաջորդ փուլում մենք պետք է ամրապնդենք հաջող արդյունքները թոքաբորբի դեմ պայքարում, ինչպես նաև ապահովենք ծանր հիվանդների արդյունավետ բուժումը»:
Ինչպես ավելի վաղ նշել է Չինաստանում մասնագիտացված հիվանդանոցի գլխավոր բժիշկը՝ Չինաստանում կորոնավիրուսի բռնկումն արդեն հասել է գագաթնակետին և վարակի նոր դեպքերի թիվը հետագայում անկում կապրի: Նրա խոսքով՝ արդեն մոտ ապագայում պետք է ակնկալել իրավիճակի բարելավում։ Իր հերթին «Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով առողջապահության հարցերով պետական կոմիտեի տվյալները, հայտնել է, որ անցած օրվա ընթացքում առողջացած մարդկանց թիվն առաջին անգամ գերազանցել է վարակվածների թիվը:
Փետրվարի 18-ին 1824 լիովին ապաքինված հիվանդին դուրս են գրվել Չինաստանի հիվանդանոցներից, ընդ որում՝ մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1749 նոր դեպք։ Երկրում բուժվածների ընդհանուր թիվը հասել է 14 376-ի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







